Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Սյունիքի մարզում ներկայումս սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են ընթանում:
«Այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ դրանք անհրաժեշտ են Սյունիքի եւ ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր եւ պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձեւավորում»:
«Այնտեղ երկու բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնց հետ կապված որոշակի սահմանային հարցեր կան, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում:
Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,- հավելել է նա:



