Արդեն տևական ժամանակ է, որ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանին հետապնդում են: Նա պնդում է՝ այս ամենն իր քաղաքական գործունեության պատճառով է:
Araratnews.am-ը վրացահայ պատգամավորի հետ խոսեց այդ սպառնալիքների, իր և իր ընտանիքի հետ կատարվող վերջին իրադարձությունների, տեղի ունեցած հարձակումների և ահաբեկչության մասին:
Պարո՛ն Մկոյան, խնդրում եմ պատմեք՝ ինչից սկսվեց այս լարվածությունը:
Իմ եղբայրը բիզնեսմեն է, ունի 300 –ից ավելի աշխատող, երկու ֆիրմա: Նա առաջին հայ գործարան է Վրաստանում: Սամվել Պետրոսյան աշխատակիցը եղբորս հիդրոէլեկտրակայանում ասել է՝ ինձ վրա փոշի բարձրացրիր: Հետո քաղաքում հանդիպել են, քարով խփել է եղբորս աչքին, որի պատճառով աչքի 40 տոկոսը չի տեսնում: Այդ մարդու դեմ գործ չհարուցեցին, չբռնեցին նրան:
Լարվածությունը սկսվեց այդ դեպքից: Դրանից հետո Սամվել Պետրոսյանի հայրը հայհոյել էր իմ եղբորորդուն, որից նա շատ ազդվել էր: Դեպքից հետո երիտասարդներով հավաքվեցին իմ տանից 100 մետր հեռավորության վրա գտնվող սրճարանում՝ պարզելու Սամվելի հոր արարքի պատճառը: Ես գնացի ու երիտասարդներին բերեցի իմ տուն: Եկավ Սամվել Պետրոսյանը զինված, զենքը հանեց, սկսեց կրակել: Դա սպանության փորձ էր: Իրավապահները խուլիգանության մեղադրանք առաջադրեցին նրան: Բայց չեմ կարող պնդել, որ այս դեպքը նախորդի հետ կապ ունի:
Հենզել Մկոյանի վրա կատարված հարձակումը կարող եք դիտել ստորև բերվող կադրերում:
Լարվածությունը հիմա պահպանվո՞ւմ է:
Այո: Այս տարի հուլիսի 20-ին ներկա էի մի միջոցառմանը Թբիլիսում: Միջոցառման ավարտից հետո եկա տուն, ինձ «whatsApp»-ով Վասիլի անունով մեկը զանգեց կովկասյան առոգանությամբ, գողականով, ռուսերեն ասաց. «Նստիր տանը, մի շարժվիր, ոչ մի ընտրություն, հասկացա՞ր»: Ես էլ ասացի՝ իսկ եթե չհասկացա: Ասաց՝ մենք կվերցնենք քեզ հարազատ ամենաթանկ մարդուն, ու անջատեց հեռախոսը:
Հետո ինձ զանգ եկավ Մոսկվայից Թիֆլիսից վերադառնալիս: Ասացին՝ բարև օլիգարխ: Պատասխանեցի՝ ես օլիգարխ չեմ, քաղաքական գործիչ եմ 21 տարի: «Մեզ չի հետաքրքրում: 5 մլն դոլար մեզ փող կուղարկես: Եթե չէ, մենք քեզ կսպանենք: Մարդիկ ունենք, որոնք կողքին են, քո ամեն ինչը գիտեն, հիմա էլ դու նոր Թիֆլիսից եկար»,- ասաց ինձ զանգողը:
Այս ամենը ես ներկայացրել եմ Վրաստանի խորհրդարանին, գլխավոր դատախազին: Սակայն նյութերն ուղարկեցին մարզային դատախազություն: Երբ ամբողջ աշխարհում պատգամավորին սպառնում են, գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում նյութերը: Փաստաբանս ասուլիս տվեց, ասաց, որ դատախազությունը գործն ուղարկել է մարզ: Այդ ամենից մի քանի օր հետո եղբորս հետ մեքենայով գնացի նրա հիդրոէլեկտրակայան: Մեքենայից իջնելուց եւ հիդրոէլեկտրակայան հասնելուց հետո պայթեցրին մեքենան, որի պատճառով եղբայրս կանտուզիա ստացավ: Պայթյունն այնքան ուժեղ էր, որ անգամ կողքի շենքում էին դա զգացել: Դա ահաբեկչություն էր:
Ինչպիսին է Վրաստանի կառավարության, պետության վերաբերմունքը:
Պետությունը տեր կանգնում է ինձ, բայց չգիտեմ՝ կբացահայտվի այս ամենը, թե ոչ:
Այս ամենը, փաստորեն, առնչվում է ձեր քաղաքական գործունեության հետ:
Այո:
Ովքե՞ր են ձեզ սպառնում:
Կռահում եմ՝ ովքեր են: Մի տեսաուղերձ եմ նկարահանել: Եթե իմ, իմ ընտանիքի հետ որեւէ բան պատահի, այդ ուղերձը կհրապարակվի, հայկական բոլոր համայնքներին, դեսպանատներին կուղարկվի:
Վիդեոյում տալի՞ս եք անուններ:
Այո, բայց այդ անունները կհնչեն, երբ ինձ, կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի:
Սոնա Դավթյան



