«Առաջին լրատվական»-ը հրապարակում է Մարտի 1-ի գործով վկա գնդապետ Ա․ Խ․-ի ցուցմունքը։
2008թ․ փետրվարի վերջերին, օրը չեմ հիշում, ծառայության բերումով մեկնել եմ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող սահմանային զորամասեր, որի ընթացքում այցելել եմ նաև առաջնագիծ։ Որոշ ժամանակ անցկացնելով սահմանամերձ զորամասերում՝ վերադարձել եմ 3-րդ բանակային կորպուս և տեղեկացել, որ 2008թ․ ՀՀ նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական լարվածության պատճառով բանակային կորպուսի անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի։ Միաժամանակ համածառայակիցներից տեղեկացել եմ նաև, որ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Խաչիկի Երանոսյանի հրամանով՝ ՀՀ ՊՆ 63853 զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակին ամրակցված հետևակի մարտական մեքենաները, որոնց թիվը չգիտեմ, 2008թ․ փետրվարին, օրը հստակ չեմ հիշում, դուրս են բերվել տեղակայման մշտական վայրերից և տեղափոխվել են Երևան, իսկ թե վերոհիշյալ զրահատեխնիկաներն ինչ նպատակով են տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ են տեղակայվել և ինչ խնդիր պետք է իրականացնեին՝ այդ մասին տեղեկություններ չեմ ունեցել։ Մինչև զորանոցային վիճակից դուրս գալը ես մշտապես գտնվել եմ զորամասում և հիմնականում անց եմ կացրել իմ աշխատասենյակում։ 2008թ․ մարտի 1-ի դեպքերի մասին իմացել եմ հեռուստատեսությունից, որ ներքաղաքական բախումների հետևանքով կան մարդկային զոհեր։ 2008թ․ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ այլ տեղեկություններ չունեմ։
Հարց- Խնդրում եմ պարզաբանեք, 2008թ․ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի անձնակազմից համահավաք գումարտակ կազմավորվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ւմ հրամանով և ի՞նչ նպատակով է այն կազմավորվել։ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող ո՞ր զորամասերի զինծառայողներն են ներգրավվել համահավաք գումարտակում, յուրաքանչյուր զորամասից քանի՞ ծառայող են եղել, ի՞նչ զինատեսակներով են զինված եղել, տրանսպորտային ի՞նչ միջոցներով են տեղափոխվել Երևան, որտե՞ղ են տեղակայվել և ի՞նչ գործողություններ են կատարել։ Միաժամանակ խնդրում են հայտնել նաև՝ 2008թ․ մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին նշված գումարտակը ներգրավվե՞լ է, արդյոք, թե՞ ոչ, եթե այո, ապա գումարտակը զենք և հատուկ միջոցներ կիրառե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, կոնկրետ ովքե՞ր, ո՞ւմ հրամանով են գործադրել և դրա արդյունքում ի՞նչ հետևանքներ են առաջացել։
Պատասխան- Ինչպես վերը նշեցի՝ զորանոցային վիճակի բերելու մասին իմացել եմ սահմանից վերադառնալուց հետո, ուստի համահավաք գումարտակի կազմավորման, դրանում զորամասերի զինծառայողներով ներգրավման քանակի, զինվածության, Երևան քաղաքում գումարտակի տեղակայման և 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ներգրավման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։ Ինձ հայտնի է եղել միայն այն, որ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Խաչիկի Երանոսյանի հրամանով՝ ՀՀ ՊՆ 63853 զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակին ամրակցված հետևակի մարտական մեքենաները, որոնց թիվը չգիտեմ, 2008թ․ փետրվարին, օրը հստակ չեմ հիշում, դուրս են բերվել տեղակայման մշտական վայրերից և տեղափոխվել են Երևան, իսկ թե վերոհիշյալ զրահատեխնիկաներն ինչ նպատակով են տեղափոխվել մայրաքաղաք և ինչ խնդիր պետք է իրականացնեին՝ այդ մասին նույնպես տեղեկություններ չեմ ունեցել։ Այդ հարցին կարող է պատասխանել ՀՀ ՊՆ 63853 զորամասի հրամանատարը։
Հարց- Ասացեք խնդրեմ, ՀՄՄ-1 մարտական զրահատեխնիկաների շարասյան անվտանգ տեղափոխումն այլ վայր ո՞ւմ կողմից է ապահովվել՝ ՀՀ ոստիկանությա՞ն, թե՞ ռազմական ոստիկանության կողմից։
Պատասխան- ՀՄՄ-1 մարտական զրահատեխնիկաների շարասյան տեղափոխմանը չեմ մասնակցել, ուստի չգիտեմ, թե զրահատեխնիկաների շարասյան տեղափոխումն այլ վայրերում ում կողմից է կատարվել։
Հարց- Ասացեք խնդրեմ, ՀՄՄ-1 զրահատեխնիկաների Երևան տեղափոխվելու մասին ո՞նց եք իմացել։
Պատասխան- Այդ մասին ինձ հայտնել են իմ համածառայակից ընկերները, սակայն այդ պահին չեմ կարողանում հիշել, թե ով է եղել այդ անձը։
Հարց- Ասացեք խնդրեմ, նշված զրահատեխնիկաները Երևան քաղաքում ո՞ւմ հրամանատարության տակ են գտնվելիս եղել, ի՞նչ խնդիր են իրականացրել և 2008թ․ մարտի 1-ին զենք օգտագործե՞լ են, թե՞ ոչ։ Մասնավորապես՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացե՞լ են, թե՞ ոչ։
Պատասխան- Այդ հարցին նույնպես չեմ կարող պատասխանել, քանի որ տեղեկություն չունեմ։
Հարց- Դուք նշեցիք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Խաչիկի Երանոսյանի հրամանով՝ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող ՀՀ ՊՆ 63853 զորամասի ՀՄՄ-1 զրահատեխնիկաները տեղափոխվել են Երևան։ Խնդրում եմ Լ․ Երանոսյանի, որ հրամանի համաձայն է նշված ստորաբաժանումը տեղափոխվել Երևան՝ նշել հրամանի համարը։ Միաժամանակ առաջարկում եմ հայտնել, թե վերոհիշյալ հրամանն արձակելուց հետո, ըստ կարգի, այն ո՞ր ստորաբաժանման պահպանմանն է հանձնվում և որքա՞ն ժամանակով։
Պատասխան- Ես այդ հրամանի համարը չգիտեմ, ուստի այն նշել չեմ կարող։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա նշեմ, որ հրամանատարի գաղտնի հրամանները պահվում են զորամասի գաղտնի մասում, իսկ ոչ գաղտնի հրամանները՝ շարային մասում։
Հարց- ՀՀ ՊՆ 63853 զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակին ամրակցված մարտական մեքենաներից յուրաքանչյուրում ի՞նչ քանակությամբ զինամթերքներ են եղել և արդյոք այդ զինամթերքները 2008թ․ մարտի 1-ին օգտագործվե՞լ են, թե՞ ոչ։
Պատասխան- Այդ մասին որևէ տեղեկություն չունեմ։ Նշեմ նաև, որ նշված զրահատեխնիկաները մշտապես գտնվում են վառելիքով լիցքավորված վիճակում, այսինքն՝ անձեռնմխելի պաշարը մշտապես առկա է լինում, և, հրաման ստանալու դեպքում, դրանք անմիջապես շահագործվում են, և լիցքավորման կարիք չի լինում։ Զրահատեխնիկաները լիցքավորվում են միայն զորամաս վերադառնալուց հետո։
Հարց- ՀՀ ՊՆ 63853 զորամասի վերոհիշյալ ստորաբաժանման անձնակազմին, իրենց ամրակցված զենք-զինամթերքը կամ այլ զենք-զինամթերք հատկացվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ զենքեր են հատկացվել և ո՞ւմ կողմից։
Պատասխան- Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։
Հարց- Ասացեք խնդրեմ, 2008թ․ դրությամբ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ քանի՞ զորամաս է եղել։
Պատասխան- 2008թ․ դրությամբ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվել են թվով 11 զորամասեր, սակայն զորամասերի համարները չեմ հիշում։
Հարց- ՀՀ ՊՆ 63853 զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակին ամրակցված հետևակի մարտական մեքենաների անմիջական հրամանատարն ո՞վ է եղել։
Պատասխան- Չգիտեմ։
Հարց- Երևանում գտնվելու ժամանակ, վերոհիշյալ զորամասի գումարտակի անձնակազմի սննդամթերքի մատակարարումն ո՞ւմ կողմից է իրականացվել և ի՞նչ կարգով։
Պատասխան- ՀՀ ՊՆ 63853 զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակի ՀՄՄ զրահատեխնիկաների անձնակազմի սննդի մատակարարումն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա նշված անձնակազմի սննդամթերքի մատակարարումն իրականացվել է ՀՀ ՊՆ 63853 զորամասի պարենային ծառայության պետի միջոցով, որի անուն, ազգանունը չեմ կարողանում հիշել։
Հարց- 2008թ․ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լ․ Երանոսյանը որտե՞ղ է գտնվել։
Պատասխան- Երկար ժամանակ է անցել, ուստի չեմ կարողանում հիշել, թե 2008թ․ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Լ․ Երանոսյանը որտեղ է գտնվել։
Հարց- 2008թ․ մարտի 1-ին, դրա նախորդող և հաջորդող օրերին Լ․ Երանոսյանի հետ շփվե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ նպատակով։
Պատասխան- Անկեղծ ասած՝ չեմ հիշում, ուստի հստակ պատասխանել չեմ կարող։
Հարց- Ո՞վ է հանդիսացել նույն ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը։
Պատասխան- 2008թ․ մարտի 1-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է հանդիսացել Սեյրան Օհանյանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար՝ Միքայել Հարությունյանը։
Հարց- Տեղյա՞կ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհով եք տեղեկացվել այդ հրամանի մասին և ի՞նչ կարող եք հայտնել հրամանի վերաբերյալ, մասնավորապես, ե՞րբ, ի՞նչ նպատակով, ո՞ւմ հանձնարարությամբ է ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել թիվ 0038 հրամանը, ի՞նչ էր բովանդակում նշված հրամանը, ծանոթացրե՞լ են, Ձեզ արդյոք այդ հրամանին, թեկուզ և Ձեզ վերաբերելի մասով, այն ո՞վ և ի՞նչ ձևով է ծանոթացրել Ձեզ։
Պատասխան- Ի պաշտոնե ես իրավունք չունեմ ծանոթանալու երկու զրոներով սկսվող հրամաններին, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության նախարարի 0038 հույժ գաղտնի հրամանին, ուստի առաջադրված հարցին միանշանակ պատասխանում եմ, որ 0038 հրամանին չեմ ծանոթացել։
Հարց- 2008թ․ մարտի 1-ի դեպքերին նախորդող օրերին՝ դեռևս 2008թ․ փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում։ Հրամանի քաղվածքում մասնավորապես հրամայվել է, որ սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմը 2008թ․ փետրվարի 23-ին՝ ժամը 18․00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը։ Հրամայվել է նաև, որ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց պետք է զինել տաբելային զենքով (․․․)։ Նույն հրամանով Երևան քաղաքի կայազորի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ՅՈւ․ Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի գրեթե կարևորագույն վարչություններն ու բաժինները։
Ասացեք խնդրեմ՝ արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 2008թ․ փետրվարի 23-ին ստորագրված հիշյալ հրամանի համաձա՞յն էր, որ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ ՀՀ ՊՆ 63853 զորամասի ստորաբաժանումը օրեր անց՝ 2008թ․ մարտի 1-ին կամ նախորդ օրը, տեղափոխվել է Երևան քաղաք։
Պատասխան- Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ինձ հայտնի է, որ Լ․ Երանոսյանի հրամանով են նշված զրահատեխնիկաները տեղափոխվել Երևան, իսկ թե Լ․ Երանոսյանը ում հրամանի հիման վրա է այդ հրամանը տվել՝ ինձ հայտնի չէ։
Հարց- Հրամանում նշվել է նաև, որ պետք է ստեղծվեն բարձր շարժողականությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝ կազմավորված տարբեր ստորաբաժանումների ծառայողներից, կոնկրետ հաշվարկներով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Պատասխան- Վերոհիշյալ հրամանի վերաբերյալ ինչ-որ գիտեի, հայտնեցի, ուստի ավելացնելու որևէ այլ բան չունեմ։
Հարց- Ձեր բանակային կորպուսը ե՞րբ է զորանոցային վիճակի բերվել։
Պատասխան- Մեր բանակային կորպուսը զորանոցային վիճակի է բերվել 2008թ․ փետրվարի վերջերին, սակայն օրը նշել չեմ կարող, քանի որ չգիտեմ։
Հարց- Վերոհիշյալ հրամանի համաձայն՝ ՀՀ ՊՆ-ն ՀՀ Զինված ուժերն օգտագործել է ներքաղաքական իրադարձություններում։ Ասացեք խնդրեմ, ՀՀ պաշտպանության նախարարը արդյոք իրավասություն ունեցե՞լ է ՀՀ Զինված ուժերն օգտագործել ներքաղաքական իրադարձություններում։
Պատասխան- Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ես իրավասու չեմ վերադաս հրամանատարության հրամանները քննարկել, առավել ևս՝ դրան տալ գնահատական։
Հարց- 2008թ․ դրությամբ գործող ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ՀՀ Զինված ուժերին ինչ լիազորություններ են վերապահված եղել։ Արդյոք ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իրավասո՞ւ են եղել ներգրավվել ներքաղաքական իրադարձություններում, եթե այո, ապա առաջարկում եմ հայտնել այն իրավադրույթները, որոնք նման իրավասություն են վերապահում ԶՈւ ստորաբաժանումներին։
Պատասխան- ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ՀՀ Զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ես գտնում եմ, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ներքաղաքական իրադարձություններում ներգրավվելու իրավասու չեն։
Հարց- 2005թ․ ընդունված և 2008թ․ մարտի 1-ին գործող ՀՀ Սահմանադրության 8․2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ 2008թ․ մարտի 1-ին, ինչպես նաև դրան նախորդած կամ հաջորդ օրերին, արդյոք առկա՞ է եղել սահմանադրական հիշյալ նորմով ամրագրված իրադրություններից որևէ մեկը, եթե այո, ապա նշեք կոնկրետ իրադրությունը։
Պատասխան- Ոչ, 2008թ․ մարտի 1-ին, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդ օրերին, սահմանադրական հիշյալ նորմով ամրագրված իրադրություններից որևէ մեկը առկա չի եղել։
Հարց- Ասացեք խնդրեմ, Ձեզ հայտնի՞ է արդյոք, թե ի կատարումն թիվ 0038 հրամանի ինչ գործողություններ են իրականացրել ՀՀ ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։
Պատասխան- Ոչ, ինձ հայտնի չէ, թե ինչ գործողություններ են իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։
Հարց- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մինչև ՀՀ նախագահի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 01․03․2008թ․ հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի 0038 հրամանով բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններում։ ԶՈՒ բազմաթիվ ստորաբաժանումներ դուրս էին բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել մայրաքաղաք կամ հարակից բնակավայրեր։ Մասնավորապես, 2008թ․ մարտի 1-ին՝ ժամը 16․09-ին, 16․11-ին և 16․27-ին, համապատասխանաբար՝ Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծի փողոցում գտնվող շուկայի դիմաց և Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված են եղել ՀՀ ՊՆ համարանիշերով տրանսպորտային միջոցներ և զինծառայողներ, ովքեր զինված են եղել ինքնաձիգերով։ Ընդ որում, ըստ այդ վկայությունների՝ բանակային հինգ կորպուսներից մեկական վաշտ՝ 100-120 զինծառայողներով, մոտեցվել է Երևանին, այդ թվում՝ 3-րդ բանակային կորպուսից մի քանի զրահատեխնիկա, որոնք նույն օրն ավելի ուշ տեղակայվել են Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկներում։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Պատասխան- Նկարագրված իրադարձությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, բացառությամբ միայն այն հանգամանքի, որ մեր բանակային կորպուսից զրահատեխնիկաներ են տեղափոխվել Երևան։
Հարց- Բանակային տարբեր կորպուսներից զինվորների և զինտեխնիկայի տեղաշարժը, Երևան տեղափոխումը արդյոք Սեյրան Օհանյանի գիտությա՞մբ է իրականացվել, թե՞ ոչ։
Պատասխան- Չգիտեմ։
Հարց- Արդյոք լինելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, Ս․ Օհանյանը պետք է տեղյա՞կ լիներ այդ առումով գրված հրամանների բովանդակությանը և զինվորների ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին։
Պատասխան- Կարծում եմ, որ այո, ի պաշտոնե Ս․ Օհանյանը պետք է տեղյակ լիներ այդ առումով գրված հրամանների բովանդակությանը և զինվորների ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին։
Հարց- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը 2008թ․ մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ դիմել է ժողովրդին՝ ուղերձով, որում մասնավորապես նշել է, որ նախորդ օրը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու հրամայականով, ՀՀ նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից օգտվելով, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն։ Նա իր ուղերձում պարզաբանել է, որ արտակարգ դրությունը, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում, կոչ է արել ժողովրդին զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր Զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը։ Ս․ Օհանյանը նաև նախազգուշացրել է, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ ՀՀ ԶՈՒ-ի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության և, որ նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Սեյրան Օհանյանը, լինելով զինվորական, իրավասություն ունե՞ր արդյոք նման կոչով հանդես գալ ժողովրդի առջև, ստանձներ, ըստ էության, հասարակական կարգի և անվտանգության դեմ ոտնձգություն իրականացնող օրինազանց քաղաքացիների նկատմամբ որևէ միջոցներ ձեռնարկելու լիազորություն։
Պատասխան- Ըստ իս, որպես զինվորական, Ս․ Օհանյանը իրավասություն չուներ նման կոչով հանդես գալու։
Հարց- 2008թ․ մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններում Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստորաբաժանումներ ներգրավվե՞լ են արդյոք, թե՞ ոչ, եթե այո, ապա հայտնեք, թե ո՞ր ստորաբաժանումներն են ներգրավվել, յուրաքանչյուր ստորաբաժանումից քանի՞ ծառայող են եղել, ի՞նչ զինատեսակներով են զինված եղել, տրանսպորտային ի՞նչ միջոցներով են տեղափոխվել Երևան, որտե՞ղ են տեղակայվել և ի՞նչ գործողություններ են կատարել։ Այդ ստորաբաժանումները զենք և հատուկ միջոցներ կիրառե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, կոնկրետ ովքե՞ր, ո՞ւմ հրամանով են գործադրել և դրա արդյունքում ի՞նչ հետևանքներ են առաջացել։
Պատասխան- Վերոհիշյալ հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։
Հարց- Ինչպես նշվեց, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանի ուժով ստեղծվել է արտահաստիքային ստորաբաժանում՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, և կայազորի աշխատանքները կոորդինացնող վարչակազմը նշված օրերին տեղակայվել է ՀՀ կառավարության շենքում։ Դուք այցելե՞լ եք կառավարության շենք, թե՞ ոչ, հանդիպե՞լ եք Յուրի Խաչատուրովի հետ, թե՞ ոչ, հանձնարարականները, ցուցումներն ու հրամաններն ումի՞ց եք ստացել, եթե այցելել եք կառավարության շենք, հետևապես Դուք պետք է տեղյակ լինեիք այցելած հրամանատարական կազմի, այդ թվում՝ պաշտպանության բանակի ղեկավարների զեկույցների, վերջիններիս տված Խաչատուրովի հրամանների և հրահանգների մասին։
Պատասխան- Ինչպես վերը նշեցի, ես գտնվել եմ բանակային կորպուսում և Յուրի Խաչատուրովի հետ վերոհիշյալ հարցերով չեմ շփվել, ինչպես նաև կառավարության շենք չեմ այցելել։
Հարց- Իսկ Ձեր բանակային կորպուսից որևէ այլ բարձրաստիճան զինվորական այցելե՞լ է կառավարության շենք, թե՞ ոչ, հանդիպե՞լ է Յուրի Խաչատուրովի հետ, թե՞ ոչ, եթե այո, հանձնարարականներ, ցուցումներ ու հրամաններ ստացե՞լ է, թե՞ ոչ։
Պատասխան- Տեղյակ չեմ։
Հարց- Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ այդ օրերին Յուրի Խաչատուրովը կառավարության շենքում խորհրդակցություններ է հրավիրել, որին մասնակցել են նաև բանակային կորպուսների հրամանատարները, քննարկվել է Երևան քաղաքում տիրող իրավիճակը, կատարվելիք գործողությունները և տրվել են հստակ հանձնարարություններ։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Պատասխան- Վերը նշված հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, ուստի այդ հարցին պատասխանել չեմ կարող։
Հարց- Նշված օրերին Դուք հանդիպել, առնչվել կամ տեսե՞լ եք ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, թե՞ ոչ։ Տեղյա՞կ եք արդյոք՝ ինչ գործառույթային պարտականություններ է կատարել Վլադիմիր Գասպարյանը։
Պատասխան- Ոչ, նշված օրերին Վ․ Գասպարյանին չեմ հանդիպել և նրան չեմ տեսել և տեղյակ չեմ, թե ինչ գործառույթներ և պարտականություններ է նա կատարել։
Հարց- Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դեռևս 2008թ․ փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ նախագահի մոտ։ Ասացեք՝ 2008թ․ փետրվարի 22-ին անցկացված խորհրդակցությանը Դուք կամ Լ․ Երանոսյանը մասնակցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա անվանական նշեք նաև այդ խորհրդակցությանը մասնակցած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անունները, այդ խորհրդակցության ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ որոշումներ են կայացվել, ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ հանձնարարականներ են տրվել։ Եթե չեք մասնակցել, ապա ի՞նչ է Ձեզ հայտնի դարձել այդ խորհրդակցության մասին նշված հարցադրումների կապակցությամբ։
Պատասխան- Նշված խորհրդակցությանը ես չեմ մասնակցել, իսկ Լ․ Երանոսյանի մասնակցության մասին տեղեկություն չունեմ։
Հարց- Երբ ՀՀ ՊՆ 63853 զորամասի վերոհիշյալ ստորաբաժանումն Երևանից վերադարձել է զորամաս, դրա անձնակազմի հետ 2008թ․ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ զրույց ունեցե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ի՞նչ տեղեկատվություն են Ձեզ հաղորդել։
Պատասխան- Ոչ, վերոհիշյալ ստորաբաժանման անձնակազմի զինծառայողների հետ 2008թ․ մարտի 1-ի դեպքերի շուրջ զրույց չեմ ունեցել։
Հարց- Ասացեք խնդրեմ, 2008թ․ մարտի 1-ի դրությամբ ՀՀ ՊՆ 63853 զորամասի հրամանատար ո՞վ է հանդիսացել։
Պատասխան- Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա 2008թ․ մարտի 1-ի դրությամբ ՀՀ ՊՆ 63853 զորամասի հրամանատար է հանդիսացել գնդապետ Սեյրան Ղազարյանը և որքանով ինձ հայտնի է՝ վերջինս զորացրվել և գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Հարց- Ասացեք խնդրեմ, 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի մյուս տեղակալները և շտաբի պետը ներգրավված եղե՞լ են, թե՞ ոչ։
Պատասխան- Չեմ կարող պատասխանել, քանի որ չեմ հիշում։
Հարց- Գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի 0038 հրամանի հիման վրա, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հրամանով, բացի ՀՀ ՊՆ 63853 զորամասի ՀՄՄ-1 զրահատեխնիկաներից, ստեղծվել է նաև սպաներից կազմված համահավաք գումարտակ, որը համալրվել է Ձեր ենթակայության տակ գտնվող զորամասերի սպաներից, որոնց հատկացվել են նրանց անհատական զենքերը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Պատասխան- Ինչպես վերը նշեցի՝ ես սպաներից կազմված գումարտակի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։
Հարց- Ձեզ առաջադրված հարցերի գերակշռող մեծամասնությանը պատասխանել եք, որ տեղյակ չեք կամ չեք հիշում։ Ինչպե՞ս է հնարավոր, որ զբաղեցնելով բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը, տեղեկություններ չեք ունեցել համահավաք գումարտակի կազմավորման, դրանում զորամասերի զինծառայողներով ներգրավման քանակի, զինվածության, գումարտակի տեղակայման և 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ներգրավման մասին։ Արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ Դուք փորձում եք իրականությունը թաքցնել, ուստի մեկ անգամ ևս նախազգուշացնում եմ ակնհայտ ցուցմունքներ տալու և ցուցմունքներ տալուց հրաժարվելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 338-րդ և 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և առաջարկում եմ հայտնել իրականությունը։
Պատասխան- Ես հարցաքննությունից առաջ նախազգուշացվել եմ ՀՀ Քրեական օրենսգրքի 338 և 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և ճշմարիտ ցուցմունք եմ տվել ու վարույթն իրականացնող մարմնից որևէ բան չեմ թաքցրել, պնդում եմ իմ տված ցուցմունքը և ավելացնելու այլևս ոչինչ չունեմ։



