Արտակարգ դեպք Հայաստանում

Արտակարգ դեպք Հայաստանում

 

Այսօր՝ փետրվարի 16-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցի մոտ ավտոկռունկը կողաշրջվել է:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հակոբյանի գլխավորությամբ: 

 

Ոստիկանները պարզել են, որ «XCMG» մոդելի կռունկը ոտնյակները և աղեղը բացված վիճակում կայանված է եղել գյուղի նոր կառուցվող դպրոցի հիմքի փորվածքի մոտ և ձախակողմյան  ոտնյակների տակ դրված բետոնե սալիկները (պանելները) կոտրվել են, ինչից  հետո  ավտոկռունկի կողաշրջվելու հետևանքով  վնասվել է աղեղը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:  Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է  «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր մեխանիկ, Երևանի բնակիչ Արտյոմ Հակոբջանյանը:

 

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

  Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի