Այսօր, օգստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 8 հասցեում «Թել Սել»-ի գրասենյակում ռումբ է դրված և պայթելու է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարներ և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման բաժնի փրկարարները։ Տեղում են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով ծառայողներ։ Շենքը 8 հարկանի է, և փրկարարներն ու ոստիկանները տարհանել են տեղում աշխատող 20-25 քաղաքացիների։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այս պահին շենքի ներսում որոնողական աշխատանքներ են կատարում ԱԻՆ-ի և Ոստիկանության կինոլոգները։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։



