Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը, դրա առնչությամբ հնչող տարբեր արձագանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մոտալուտ եզրակացության հանգամանքը Հայաստանում արդիականացրել են ապրիլյան քառօրյա պատերազմի թեման եւ դրա շուրջ քննարկումները:
Դրանք սակայն ծավալվում են առավելապես ներքաղաքական, ներխմբային եւ ներանձնային հաշիվներ պարզաբանելու տրամաբանության եւ մասշտաբի շրջանակում, չշոշափելով կամ գրեթե չշոշափելով ռազմա-քաղաքական բազմաշերտ խորքը եւ ժամանակային տարածությունը: Իսկ այն սկսում է ամենեւին ոչ 2016 թվականից, այլ դրան նախորդած տարիներից, եւ ավարտվում ամենեւին ոչ 2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորված հրադադարով:
Ապրիլայն քառօրյա պատերազմն ուներ ռազմական գործողություններին նախորդած եւ հաջորդած բազմաթիվ այլ իրողությունների բաղադրություն, որոնք առնչվում են ներքաղաքական, ռեգիոնալ եւ ավելի լայն իմաստով ռազմա-քաղաքական հանգամանքների եւ շարժերի: Այդ իմաստով, ապրիլյան քառօրյա պատերազմի թեման ունի ընդգրկուն ուսումնասիրման կարիք, թեկուզ իրադարձությունների ժամանակագրական ընթացքի եւ դրանց բովանդակային պարզ համադրության տեսանկյունից:
Այդ առումով, թեմայի շրջանակում թերեւս հիշատակման է արժանի Հայաստանում 2016-ի ապրիլի 25-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, խորհրդավոր մի պայթյուն, որ եղավ Հալաբյան փողոցում, գիշերային ժամին, Բոգդան մակնիշի ավտոբուսում: Հետո, ըստ պաշտոնական տեղեկության, պարզվեց, որ պայթել է որոշակի քանակությամբ տրոտիլ, որը եղել է քաղաքացի Ռուբեն Բալյանի մոտ: Ըստ պաշտոնական վարկածի, Բալյանը տրոտիլը վերցրել եւ գնում էր ազգականներին պայթեցնելու, որոնց հետ ունեցել է անախորժություն: Բալյանը զոհվել էր ավտոբուսում: Զոհվել էր նաեւ մեկ ուղեւոր:
Թե այդուհանդերձ ինչու էր Բալյանը հենց տրոտիլով որոշել հաշիվ մաքրել ազգականների հետ, ինչու՞ է պայթել տրոտիլը հանրային տրանսպորտում այն տեղափոխելիս, եւ որտեղից էր ձեռք բերել Բալյանը պայթուցիկը, պետք է պատասխաներ քննությունը: 2017 թվականին գործի վարույթը կարճվել էր, բայց հարուցվել էր նոր գործ՝ նախաքննության ընթացքում ի հայտ եկած հանցագործության առիթով: Նոր գործը վերաբերում էր ռազմամթերք ձեռք բերելուն: Քննչական կոմիտեն հանձնարարություն էր տվել ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումներին, որպեսզի հայտնաբերվի ռազմամթերքի ձեռքբերման աղբյուրը:
Ի՞նչ է հայտնաբերվել 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը Երեւանի հանրային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, որը խլել էր «մեղավորի» եւ տրանսպորտի ուղեւորներից մեկի՝ 37-ամյա երիտասարդի կյանք, վիրավորելով այլ ուղեւորների:
Պայթյունը տեղի ունեցավ մի շրջանում, երբ Հայաստանում բավական աշխույժ քննարկվում էր ապրիլյան քառօրյան եւ դրա միջազգային ռազմա-քաղաքական ասպեկտը, ռեգիոնալ անվտանգության համար պատասխանատու կենտրոնների դերն ու վարքագիծը:



