ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ' «զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով»: Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը երեկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան' զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:
Հայցադիմումի հիմքում թերթի հետևյալ հրապարակումն է։ Դեռևս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել' գրելով, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:
Ի պատասխան' ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել' միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է Սասուն Խաչատրյանը լրատվամիջոցից 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ ներկայացրել, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանեցին, որ Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում նշված գումարը բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին:



