Մարտի 1-ի գործերով դատավորների 95 տոկոսը դեռևս աշխատում է համակարգում և ծառայում է հին ուժերին. Վեթինգի հանրային մեծ պահանջ կա

Մարտի 1-ի գործերով դատավորների 95 տոկոսը դեռևս աշխատում է համակարգում և ծառայում է հին ուժերին. Վեթինգի հանրային մեծ պահանջ կա

ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարար  Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց, որ հիմա փորձում են գտնել ամենաարդար մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու։ Նախարարը նաև ասել է, որ մարտի 1-ի գործերով 24 դատավորներից համակարգում մնացել են 12-ը։ Անդրեասյանի խոսքով՝ տեղի է ունեցել տարօրինակ զտում, ազատում այն դատավորներից, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել մարտի 1-ի գործերով։ «Դուք կարող եք տեսնել, որ ինքնաբերաբար տեղի է ունեցել որոշակի զտում։ բայց այն դատավորը, որը կոռումպացված է, անգրագետ է իմ զեկույցից հետո էլ մնացել են ու շարունակել ենք հանցագործություններ թույլ տալ։ Բայց մեր օրենսդրությունը ինձ թույլ տալիս է 8 տարի հետ գնալ ու վարույթներ հարուցել վերջին 8 տարվա ընթացքում թույլ տրված խախտումների ու սխալների համար։ Եվ ես շնորհակալ եմ նախորդ նախարարներին, պարոն Բադասյանին, որ ինքը նման ժառանգություն է թողել և ես կարող եմ իմ կիսատ գործը ավարտին հասցնել»,-ասաց նախարարը։

Փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը համակարծիք է, որ համակարգը դեռ լիքն է կոռումպացված, նախորդ իշխանության շահերը սպասարկող  դատավորներով և շատ ողջյունելի է, որ արդարադատության նոր նախարարի մոտ ձգտում է նկատվում համակարգը մաքրել այդպիսի դատավորներից.«Բազմաթիվ անգամներ խոսել ենք վեթինգի մասին, որը չի արվել։ Բայց պեք է կենտրոնանալ դրա վրա։ Արդյունավետ կլինի նաև գործերի վերանայումը, պարզելը, թե առանձին դատավորներ ինչ գործեր են լսել, ինչու են հատկապես այդ դատավորներն այդ գործերը լսել  և որտեղ է եղել նրանց շահագրգռվածությունը։ Դատական համակարգի մաքրման գործընթացը բոլորի աչքի առաջ պետք է տեղի ունենա և բոլորը պետք է տեսնեն, որ ոչ մի բան, ոչ ոք անպատիժ չի մնում։ Այդ դատավորը պետք է հասկանա, որ  տարիներ անց կարող են պատասխանատվության ենթարկվել։ Այդ զտումը, մաքրումը մի քանի ազդեցություն կարող էր ունենալ դատական համակարգի վրա։ Կարեն Անդրեասյանի նշանակումը ես ողջունում եմ։ Նա ունի անաչառություն, հարցերին նայելու բազմակողմանիություն։ Իր նշանակումը ուրախացրել է մեզ»,-ասաց փաստաբանը։

 

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դատավորներից որոշների զտմանը, ապա Սաֆարյանն ասաց, որ համարյա դատավոր չի զտնվել.«Ես չգիտեմ պարոն Անդրեասյանի տրամադրության տակ ինչ փաստեր կան, որ նման պնդում է անում, բայց գրեթե դատավոր չի զտվել։ Այն դատավորները, որոնք մարտի 1-ի գործով լսողներ են եղել, նրանց 95 տոկոսը դեռևս  աշխատում է դատաական համակարգում և ծառայում է  հին ուժերին։ Դա ցույց տվեց նաև  նախորդ 3 տարվա պրակտիկան։ Այդ դատավորները իրենց պաշտպանության տակ են առել թե Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, թե նրանց համախոհներին ու նրանց միջավայրի մարդկանց։ Այս առումով ես կարծում եմ, որ համարյա ոչինչ չի արվել և Կարեն Անդրեասյանի առաջ լուրջ հարցեր են ծառացված»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այդ լուրջ խոչընդոտները պետք է արագ հաղթահարել՝ չնայելով որոշ սահմանափակումների կամ այլ արգելքների վրա։ Օրինակ, եթե խոչընդոտող հանգամանք է դիտվում այն, որ դատավորները նշանակվում են ցմահ և այդ ցմահ լինելու դրույթը հակասում է նորմալ դատական համակարգ ձևավորելուն, ապա այդ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունների ենթարկելու հանգամանքները ևս  թույլ կտային, որ Արդարադատության նախարարությունը հանդես գար համապատասխան փոփոխություններով, Ազգային ժողովում դրանք շատ արագ ընդունվեին.«Արդարությունը վերականգնելու համար կարելի է նաև որոշակի շեղում ունենալ գործող օրենսդրությունից, որովհետև հեղափոխութոյւնից հետո մենք չկիրառեցինք հեղափոխության կանոնները։ Հիմա կարելի է  անդրադառնալ դրան։ Այդ տեսանկյունից մեզ և վեթինգն է ձեռնտու, և դատական  նոր քննություն իրականացնելն է ձեռնտու։ Եթե գործընթացը ազնիվ նպատակ ունի, մարդու առջև ազնիվ նպատակ է դրված, ապա այդ խնդրի լուծման ցանկացած միջոց, որը կդրվի, արդարացված կլինի և որևէ քննադատության չի արժանանա»,-ասաց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ այս կոնտեքստում իր համար հասկանալի չէ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նախօրեի այն հայտարարությունը, թե վեթինգ չիրականացվեց «Հանրային հակասական պահանջմունքից ելնելով։

 

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո վեթինգի  հանրային մեծ պահանջ է եղել և պարզ չէ, թե ինչու են հիմա նման եզրահանգման եկել.«Դրա համար պետք է ժողովրդի հետ շփվել։ Մենք փաստաբաններ ենք ու օրը մեզ մոտ 10-15 քաղաքացի է մտնում և նրանց 80 տոկոսը  վեթինգի և ներկայիս անարդար դատական համակարգը մաքրելու կողմնակից է։ Ճիշտ չէ, որ  վեթինգի հանրային պահանջ չկա, համ այդ հանրային պահանջը հակասական է։ Վեթինգի հանրային մեծ պահանջ կա և դա հնարավորինս արագ պետք է իրականացնել»,-եզրափակեց Սեդա Սաֆարյանը։