Քոչարյանի դատավորը քիչ առաջ անսպասելի հայտարարություն արեց

Քոչարյանի դատավորը քիչ առաջ անսպասելի հայտարարություն արեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որի վարույթում գտնվում է նշված քրեական գործը։

Գործով նախագահող դատավորը պարզաբանել է, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Գեւորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը նախեւառաջ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։

Ռ.Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման կարգի համաձայն՝ «Հայաստան» դաշինքին տրվել է 28 մանդատ, իսկ Ռ. Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գեւորգյանը՝ 5-րդ։

Գործով դատախազն իր առարկությունը հայտնեց՝ նշելով, որ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան՝ նրանց պատգամավորի կարվավիճակ ձեռք բերելը, հետեւաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումներ է դատարանը վկայակոչում։

Այդուհանդերձ, դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը եւ մանդատները բաշխելու մասին ԿԸՀ-ի որոշումը։