2019 թվականի օրինախախտ դատավորները

2019 թվականի օրինախախտ դատավորները

Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

 

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

 

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 

ՀՀ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում միայն մեկ մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների խախտման հիմքով։ 2019-ին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 9 դատավոր։ Իրավաբան․net-ը ներկայացնում է այդ դատավորներին և նրանց կարգապահական պատասխանատվությանը ենթարկելու պատճառները։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարի միջնորդությամբ։ Դատավորը տվել է կատարողական թերթ դեռևս ուժի մեջ չմտած դատական ակտի վերաբերյալ, ավելին՝ դատական ակտը եղել է բեկանված վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Նշվում է, որ դատավորի կողմից խախտվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերը: ԲԴԽ որոշմամբ՝ Մելքումյանի լիազորությունները դատավորի պաշտոնում դադարեցվել են։ Սակայն դրույթը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Նա ընդգրկվել է դատավորների ռեզերվում։

 

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի կատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Գեորգի Բալասանյանի դիմումը, որը ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, այնուհետև հասցեագրվել Արդարադատության նախարարին։ ԲԴԽ-ն արձանագրել է, որ դատավորը թույլ է տվել դատական ակտին ներկայացվող պահանջի՝ իրավական որոշակիության պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Խախտումը նաև կոպիտ է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ ընդունված դատական ակտը միանշանակ հեղինակազրկում է դատական իշխանությունը՝ խախտելով անձի դատական պաշտպանության իրավունքը և նվազեցնելով վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Լուսինե Սահակյանի 2018 թվականի նոյեմբերի 13-ի հաղորդումը  Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով։ Նշվում է, որ դատավոր Ռուբեն Ափինյանն իր վարքագծով դրսևորել է կողմնակալ և խտրական մոտեցում, կասկածի տակ է դրել դատարանի անկախությունն ու անաչառությունը, որի արդյունքում նաև հեղինակազրկվել է դատական իշխանությունը: ԲԴԽ-ն որոշման մեջ նշել է, որ դատավորի կողմից խախտումը պատճառաբանվել է ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև, իր գնահատմամբ, պրակտիկայում ձևավորված, սակայն օրենքին հակասող ընթացակարգերով, որը կարող է գնահատվել որպես կոպիտ անփութություն: Ռուբեն Ափինյանին հայտարարվել է նկատողություն:

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին քաղաքացի Համլետ Քարաջյանի կողմից ներկայացված դիմումը։ Արդարադատության նախարարը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իր միջնորդության մեջ նշել է, որ Դատավորի կողմից խախտվել են վճռի հիմնավորված և պատճառաբանված լինելուն, ինչպես նաև վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորը թույլ է տվել հայցային վաղեմություն կիրառելը մերժելու մասով դատական ակտի պատճառաբանման օրենսդրական պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: ԲԴԽ-ն Ռուբեն Ներսիսյանին հայտարարել է նկատողություն։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը գործի վերաբերյալ ներկայացրել է հատուկ կարծիք։

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի ներկայացրած հաղորդումը։ Ըստ Մելքոնյանի՝ Աննա Դանիբեկյանն անհիմն բավարարել է անձի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը, ինչով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատարանը, տիրապետելով ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ պատշաճ տեղեկատվությանը, այդուհանդերձ, անտեսել է Մ. Սմիրնովայի ձերբակալման բավարար հիմքերի առկայությունը՝ վերջինիս ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ: Աննա Դանիբեկյանին հայտարարվել է նկատողություն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2019 թվականի հունվարի 23-ի հաղորդումը Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին։ Հաղորդման մեջ նշվել է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման վերաբերյալ գործով ինքնաբացարկ հայտնելով՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում: Բարձրագույն դատական խորհուրդը գտնել է, որ օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս Դատավորը կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում, ինչը հիմք է հանդիսանում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Նելլի Բաղդասարյանին նկատողություն է հայտարարվել։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Սեդա Սողոմոնյանի կողմից Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը: Նշվել է, որ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին հայցադիմումը դատավորը վերադարձվել է՝ պատճառաբանելով, որ քաղաքացիական գործն ընդդատյա է ոչ թե Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: Բարձրագույն դատական խորհուրդը գտնել է, որ դատավորի կողմից խախտվել է հայցադիմումը վարույթ ընդունելու՝ օրենքով սահմանված կարգը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, ինչպես նաև խախտման արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը։ Աշոտ Խաչիկյանին հայտարարվել է նկատողություն:

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հաղորդումը։ Նշվում է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու, ինչպես նաև կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները դատավորի օգնականը հրաժարվել է ստանալ՝ պատճառաբանելով, որ դատավորը վատառողջ լինելու պատճառով դիմել է թիվ 1 քաղաքային հիվանդանոց և այնտեղ անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: ԲԴԽ-ն գտնել է, որ քննության առարկա խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել: Խորհուրդը խախտումը դիտարկել է որպես կոպիտ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ խախտման արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը: Հարություն Մանուկյանին հայտարարվել է նախազգուշացում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հաղորդումը։ Կրկին ՀՀ 2-րդ նախագահի գործի քննության ընթացքում դատավորի կողմից կայացվել է ինքնաբացարկի որոշում: Ըստ հանձնաժողովի՝ դատավորը այդպիսով չի իրականացրել իր հերթապահության օրն իրեն մակագրված դատական գործով միջնորդությունների քննության և լուծման գործառույթները: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ դատավորի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնի խախտում. դատավորն ինքնաբացարկ է հայտնել օրենքով նախատեսված որևէ հիմքի բացակայության և իրավիճակի զուտ հայեցողական գնահատման պայմաններում: Դավիթ Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում:

Նշենք, որ դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն(2019 թվականին գործող)՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Օրենսգրքի 145-րոդ հոդվածի համաձայն(2019 թվականին գործող)՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն'

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը,

2) Լիազոր մարմինը (ՀՀ արդարադատության նախարարությունը-խմբ․):