Արտառոց դեպք Երևանում (տեսանյութ)

Արտառոց դեպք Երևանում (տեսանյութ)

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրել էր, որ ժամը 05:47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։

 

Ահազանգից ժամեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Գոգոլի փողոցում հայտնաբերել էին կասկածյալի մեքենան: Մեքենային փակցված էր գողացված համարանիշ, իսկ տարբերանշանը ծածկած էր։

 

Ոստիկանության ծառայողները հետապնդել են մեքենան և վերցրել շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ հայտնվելուց հետո փախուստի դիմած անձն իջել է մեքենայից և դիմել փախուստի։ Ոստիկանները շարունակել են հետևել կասկածյալին: Սարալանջի փողոցում նա սպառնացել է, որ դանակով ինքնավնասում կանի։ Նրան հաջողվել է ուժի գործադրմամբ վնասազերծել, վերցնել դանակը, ատրճանակը և բերման ենթարկել։ Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Ոստիկանները նրա մոտից առգրավել են ատրճանակ ու դանակ, իսկ մեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը։

 

Ոստիկանները շարունակել են միջոցառումները հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկություններ են ստացվել, որ երեկոյան նրանք լինելու են Զավարյան փողոցում։

 

Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը դուրս է հանել գրպանից մարտական նռնակ և սպառնացել, որ կպայթեցնի բոլորին։ Սկսել են բանակցել նշված անձի հետ, ստեղծվել է հարմար պահ, և ուժի գործադրմամբ նրա ձեռքից վերցրել են նռնակը:

 

Զավարյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել Երևանի 18, 20 և 23-ամյա բնակիչներ իրենց վարած մեքենայով հանդերձ։

 

Բաժնում պարզվել է նաև, որ բերման ենթարկվածները նույն ընկերության մյուս խանութ-սրահից և այլ տեղերից կատարել են մի շարք գողություններ։

 

Գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 

Երևանի 20-ամյա և 28-ամյա բնակիչները ձերբակալված են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։