Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում կալանավորվել է. Դատախազությունը մանրամասներ է հայտնում

Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում կալանավորվել է. Դատախազությունը մանրամասներ է հայտնում

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այս մասին ArmDaily.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:

 

Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- հայտնում են դատախազությունից։:

 

Հիշեցնենք, այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգյանի փաստաբանը՝ Հրանտ Անանյանը հայտնեց, որ Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու քրեական գործով ինքը չի գտնվում որևէ կալանավայրում։

 

Հավելենք, որ ապրիլի 9-ին Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: