Վանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել (տեսանյութ)

Վանաձորում պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել (տեսանյութ)

Վանաձորի ոստիկանները գողության դեպք են բացահայտել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ:

 

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ոստիկաններն ուսումնասիրել էին՝ որտեղից և ինչպես էր կատարվել գողությունը, կազմել էին արձանագրություն։

 

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Իրավապահների աշխատանքի արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ գողությունը կատարել է ընկերության պահեստապետը՝ Վանաձորի Մոսկովյան փողոցի 26-ամյա մի բնակիչ։

 

Սեպտեմբերի 15-ին կասկածվողը բերման է ենթարկվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նա խոստովանել է, որ իր նյութական պատասխանատվության տակ գտնվող ընկերության պահեստարանից գողացել է տարբեր տեսակի մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 8.000.000 դրամի վնաս:

 

Հանգամանքները պարզվում են։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։