Ինչու Ալիևը հրաժարվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. ինչ նոր նենգ մարտավարություն է նա ընտրել

Ինչու Ալիևը հրաժարվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. ինչ նոր նենգ մարտավարություն է նա ընտրել

Ինչպես հայտնի է, երեկ՝ հուլիսի 18-ին, հայկական կողմն առաջարկել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր առաջարկը։

 

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, սակայն, մանիպուլացրել էր՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ՝ 2023 թվականի հոկտեմբերից՝ Գրանադայում հանդիպումը բոյկոտելուց հետո, խուսափում է արևմտյան հարթակներում բանակցություններից և արևմտյան միջնորդությունից:

 

«Գրանադայի հանդիպումը բոյկոտելուց հետո մեծ հաշվով Ալիևը հատկապես Արևմուտքում ընկալվում է որպես ոչ պատասխանատու դերակատար, որովհետև նա, ըստ էության, չստորագրելով Գրանադայի փաստաթուղթը, «գցել» է ոչ միայն Հայաստանին, այլ նաև միջնորդ երկրներին, որոնք մասնակցություն են ունեցել փաստաթղթի նախապատրաստման գործում: Այդ երկրներից առաջին հերթին ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգներն են»,- նկատում է Պետրոսյանը:

 

Ըստ փորձագետի՝ այս քայլը տեղավորվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Բաքվի նոր մարտավարության տրամաբանության մեջ, որն է՝ մաքսիմալ բարձրացնել «Խաղաղության համաձայնագրի» գինը, առավելագույնս թանկով «վաճառել» այն հայկական կողմի վրա և «վաճառքի» իրական պայմանները Երևանին հասցնել ոչ թե ուղիղ կերպով, այլ շահագրգիռ միջնորդների միջոցով. «Օրինակ՝ արևմտյան դերակատարները դա փորձեն մատուցել ՀՀ-ին, որպեսզի ՀՀ-ն լինի մաքսիմալ ճկուն, մաս կազմի իրենց պրոյեկտներին, հերթական անգամ դուրս չմնա այդ նախագծերից, իսկ այդ ճկունությունը, բնականաբար, ենթադրի ադրբեջանական կողմի առաջարկած պահանջները: Փորձը ցույց է տվել (հատկապես 2020 թվականից հետո), որ այդ ցավոտ զիջումները ոչ թե երկկողմ են, այլ միակողմանի: Ադրբեջանն այս պահին անգամ նվազագույն փոխզիջման գնալու պատրաստակամություն չունի»:

 

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց դա կողմերից պահանջելու է բարդ ընտրություններ և փոխզիջումներ կատարել։

 

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը մտադրություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, հիմնական խնդրը, որ կա նրա օրակարգում, ՀՀ-ի նկատմամբ հատկապես միջազգային ճնշման գեներացումն է, որպեսզի վերջինս անարգել միջանցք տրամադրի՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար, որ իրենք անվանում են, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»:

 

Դիտարկմանը, թե հայկական կողմը բազմիցս նշել է, որ իր համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, հարցին՝ արդյոք բանակցային ճանապարհով դա չստանալու դեպքում Ադրբեջանը կգնա՞ պատերազմի, փորձագետն արձագանքում է՝ այս պահին ոչ, որովհետև լեգիտիմ հիմք չունի ՀՀ-ի վրա հարձակվելու համար:

 

«Նրանց մարտավարությունը հետևյալն է, որ այդ ճանապարհը, միևնույն է, լինելու է, ներկայում էլ իրենք այդ մարտավարության համատեքստում են գործում, չեն խոսում այդ մասին, բայց այնպես են անում, որ Հայաստանին փորձեն համոզել, ինչպես արդեն ասացի, երրորդ երկրները: Ադրբեջանն այս պահին անգամ նվազագույն փոխզիջման գնալու պատրաստակամություն չունի, եթե նույն այդ միջանցքի խնդրով գնա նվազագույն փոխզիջման, որպեսզի լինեն ամենաչնչին անհրաժեշտ մաքսային և անձնագրային անվտանգային ստուգումները, համոզված եմ, որ այդ ճանապարհի հարցում շատ արագ պայմանավորվածություն կլինի»,- ասում է Պետրոսյանը:

 

Փորձագետի գնահատմամբ՝ խաղաղության հիմնական հնարավորությունը Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունն է, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է մի շարք իրողություններից, որից ամենասկզբունքայինը տարածաշրջանում ուժային բալանսի խախտվածության հանգամանքն է, և երկրորդը, որ Ադրբեջանի վրա մեծ հաշվով որևէ արտաքին ճնշում չկա:

 

«Այդ ճնշումների բացակայության արդյունքում է, որ կարողանում է հանդուգն կերպով անընդհատ ՀՀ-ի հետ պայմանավորվածությունները խախտելով՝ գործն առաջ մղել և անպատիժ մնալ: ԵՄ-ն և Արևմուտքը 2023 թվականի սեպտեմբերից հետո պետք է պարտադրեին Ալիևին գնալ Բրյուսել, Վաշինգտոն, կամ Ժնև, Ամստերդամ, ինչ-որ մի տեղ և ստորագրել այդ պարտավորությունները, որոնք ամփոփված են Գրանադայի փաստաթղթում»,- նշում է Արմեն Պետրոսյանը:

 

Ըստ նրա՝ արևմտյան հարթակները ևս չեն կարողացել ճնշել և կառուցողական դաշտ բերել Ալիևին. «Շառլ Միշելը ոչ պակաս հեղինակազրկված միջնորդ է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում, քան Վլադիմիր Պուտինը: Եվ հետո, ի՞նչ է նշանակում Ալիևին հրավիրել այս՝ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ հանդիպմանը, նրան ընդհանրապես չպետք է հրավիրենին: Եթե ԵՄ-ն սկզբունքային դիրքորոշում ունենար Ալիևի՝ Գրանադայում այդ վարքագիծը դրսևորելուց հետո, նման կոշտ հռետորաբանությունից հետո, որպեսզի նրան ինչ-որ բան հասկացնեին, պետք է ընդհանրապես չհրավիրենին հավաքին: Երբ որ գնային այդ քայլին, կասեի՝ տեսե՛ք, ԵՄ-ն «ատամ է ցույց» տալիս, բայց ես այս պահին գործընթացի վրա էական ազդեցության ունակ միջնորդի չեմ տեսնում»: