Չինացին վաճառել է 2-ամյա որդուն և կնոջ հետ շրջագայության մեկնել

Չինացին վաճառել է 2-ամյա որդուն և կնոջ հետ շրջագայության մեկնել

Չինաստանի արևելյան Չժեցյան նահանգի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը մեղադրվում է իր 2-ամյա որդուն վաճառելու և այդ գումարը շրջագայության վրա ծախսելու համար, հայտնում է South China Morning Post-ը։

 

Հայտնի է, որ Սիե անունով տղամարդը, որն ամուսնալուծությունից հետո ստացել է 2-ամյա որդու խնամակալության իրավունքը, աշխատում է մեկ այլ քաղաքում։ Աշխատանքի պատճառով նա ստիպված է եղել երեխային թողնել եղբոր կամ ընտանիքի մեկ այլ անդամի մոտ: Սակայն խնամքի բեռն ուսերից գցելու համար տղամարդը որոշել է զավակին վաճառել, մինչդեռ ընտանիքի անդամներին հայտնել է, թե նախկին կինը ցանկացել է տեսնել երեխային և որդուն տարել է նրա մոտ։

 

Տղային տանելուց մի քանի օր անց Սիեի եղբայրը՝ Լինը, իմացել է, որ երեխան մոր մոտ չի հասել և այդ մասին հայտնել է ոստիկանություն, քանի որ եղբայրը չի պատասխանել իր հաղորդագրություններին։

 

Ոստիկանությունից հայտնել են, որ Սիեն որդուն վաճառել է Չանգշու քաղաքում բնակվող մի զույգի՝ 24 400 դոլարով և այդ գումարը ծախսել ներկայիս կնոջը երկրի տարբեր կողմեր շրջագայության տանելու վրա։

 

Երեխան վերադարձվել է հորեղբորը, իսկ նրան գնած զույգի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Զեկույցում նշված է, որ Սիեն և նախկին կինը ևս երկու աղջիկ ունեն, որոնք «տրվել են» մեկ այլ ընտանիքի, սակայն հայտնի չէ ոստիկանությունն այդ գործը հետաքննում է, թե ոչ։