Ֆրանսիայի դեսպանատանը կբացվի սգո մատյան. Լաքոտը շնորհակալություն է հայտնել հայերին

Ֆրանսիայի դեսպանատանը կբացվի սգո մատյան. Լաքոտը շնորհակալություն է հայտնել հայերին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել հայերին՝ Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ զորակցություն հայտնելու համար:

 

Այս մասին Լաքոտը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

 

«Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի: Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը», դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով»,- գրել է դեսպանը:

 

Նա նշել է, որ Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան:

 

«Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության, և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով: Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին: Հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ»,- գրել է Ժոնաթան Լաքոտը:

 

Սեպտեմբերի 27-ին և սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-17:00-ն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կբացվի սգո մատյան: