Գերմանիայի բնակչուհուն կասկածում են հինգ երեխայի սպանության մեջ

Գերմանիայի բնակչուհուն կասկածում են հինգ երեխայի սպանության մեջ

Գերմանիայում ոստիկանները հինգ երեխայի մարմին են գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում, հայտնել է n-TV հեռուստաալիքը:

Երկրամասի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝ երեխաների մարմինները հինգշաբթի ցերեկը գտել է տատիկը, որն ապրում Է ուրիշ քաղաքում:

Սպանվածների տան մոտ հավաքվել էին շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ, դեպքի վայրը շրջափակված է:

Ինչպես հայտնել է Ռոյլը, մահացած երեխաների 27-ամյա մայրը 11-ամյա որդու հետ փորձել է կյանքին վերջ տալ Դյուսելդորֆի կայարանում:

Կինը լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, տղան չի տուժել:

Ոստիկանության տվյալներով՝ մահացած եղբայրներն ու քույրերը եղել են մեկից մինչև ութ տարեկան: Ողջ մնացած տղան ուղարկվել է ազգականների մոտ:

Երեխաների սպանության գործում գլխավոր կասկածյալը նրանց մայրն է, որն ազգությամբ գերմանուհի է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել: