Հիվանդանոցում երեխան բուժվելու փոխարեն վնասվածք է ստացել

Հիվանդանոցում երեխան բուժվելու փոխարեն վնասվածք է ստացել

Օրեր առաջ Մուրացան մանկական հիվանդանոց փսխումով հոսպիտալացված մեկ տարեկան երեխայի մայրը մեկ օր անց  բառի բուն իմաստով փախել է այնտեղից։ Մինչ այդ երեխան հասցրել է մահճակալից դուրս եկած մեխերից մեկով վնասել ոտիկը։

Երևանի բնակչուհի Հռիփսիմեն Panorama.am-ին պատմեց, որ մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին երեխան սկսել է անընդհատ փսխել։ Տարել են Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկական բաժին։

«Ընդունարանում նայեցին, ասեցին՝ պետք է պառկի ու միևնույն ժամանակ զգուշացնում են, ասում են գիտեք, այստեղ ինֆեկցիոն բաժանմունք է, երեխաների մեծ մասը վիրուս ունի է: Հարցնում եմ՝  առանձին պալատ չկա՞, ասում են՝  չէ: Հինգերորդ հարկի  չորրորդ պալատում տեղավորեցին»,-պատմում է մայրը։

Նույն պալատում պառկած է եղել նաև սուր շնչառական վիրուսով, բարձր ջերմությունով մեկ այլ երեխա։
«Ծնողն  ասում է՝  իմ տղան բրոնխիտ է, ինչի՞ են ձեզ բերել  այստեղ: Ինչևէ, պառկեցինք: Մի խայտառակ սենյակ, պատի ծեփերը թափած, սենյակը չի ջեռուցվում, բերել են մի բարակ ծածկոց: Վերմակ ուզեցի, տասն անգամ խնդրեցի, գիշերվա կեսին նոր բերեցին»,- պատահածը պատմում է մայրը։

Սենյակում մահճակալները, նրա խոսքով, շատ հին են եղել։
«Մատրասների մաքրության մասին էլ չեմ խոսում։ Երեք տեղից մեխեր են դուրս ցցված եղել, չէի տեսել, երեխային պառկացրեցի, ոտքը ճղվեց»,-նշում է Հռիփսիմեն։

Մայրն ասում է, բժշկուհին ուշադիր էր, ինչը չի կարելի ասել բուժքույրերի մասին, կոպտել են, մունաթով պատասխանել, կաթիլայինի ասեղը դուրս է եկել, երեխայի թաթիկից սկսել է արյուն ցայտել, մայրը ստիպված երեխային թողել է պալատում, սենյակեսենյակ շրջել, որ հերթապահ քույրին գտնի։

«Երեխային սոնոգրաֆիայի ուղարկեցին կողքի բաժանմունքը, այն վճարովի էր,  ու բնականաբար տաք, վերանորոգված, ամեն ինչը տեղը տեղին: Իսկ մեզ մոտ, որտեղ փոքր երեխաներ էին հիմնականում, բարձիթողի վիճակ: Մնալն ահավոր էր, դիմում գրեցի, որ հրաժարվում եմ հետագա բուժումից,  եկանք տուն: Նոյեմբերի 13-ին դուրս եմ եկել այնտեղից»,-նշում է ծնողն ու ափսոսանք հայտնում, որ չի հաջողացրել լուսանկարել պալատը։

Աղբյուր՝ www.panorama.am