«Դա մեծ մտահոգություն է ինձ համար». ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ չկայացած ԼԳԲՏ համաժողովի մասին

«Դա մեծ մտահոգություն է ինձ համար». ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ չկայացած ԼԳԲՏ համաժողովի մասին

«Ինձ մտահոգեց, որ այդ ֆորումը չեղյալ է հայտարարվել՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Երեւանում վերջերս չկայացած ԼԳԲՏ համաժողովին, ասաց ՄԱԿ-ի՝ խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: «Դա մեծ մտահոգություն է ինձ համար, հարցը բարձրացրել եմ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը: Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար: Եթե կազմակերպությունը չի կարողանում իր միջոցառումն իրականացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը»,-համոզմունք հայտնեց պաշտոնյան՝ ակնարկելով, որ ՀՀ Կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս ազատ խոսքի կոչերով: Ապա ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշեց՝ տեղեկություններ ունի այն մասին, որ ՀՀ-ում սահմանափակվում են սեռական եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում գործող հ/կ-ների հնարավորություններն ու իրավունքները: Առհասարակ, հ/կ-ների առնչությամբ Կլեման Նյալեցոսի Վուլեն նշեց, որ հարկային դաշտում նրանց համար մարտահրավերներ կան. «Որոշ պահանջներ հ/կ-ներին ավելի ծանր վիճակում են դնում, քան գործարարներին: Հ/կ գրանցելը հեշտ է եւ արագ, բայց մարզերի հ/կ-ները ձգձգումներից են դժգոհում: Կարեւոր է, որ գործնականում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցները կարողանան  օգտվել պետական միջոցներից»: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի գնահատմամբ՝ հ/կ-ների համար պետական միջոցներ ստանալու տեղեկատվությունը սուղ է. «Նույն կերպ սուղ են նաեւ պետական միջոցները, մինչդեռ դրանցից օգտվելը կարեւոր է համայնքներում աշխատող հ/կ-ների համար:  ՀՀ-ն ունի պարտավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հ/կ-ները գործեն առանց միջամտության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Առավոտ