Վաղը՝ նոյեմբերի 16-ին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները, մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներն ու բարեկամները, կփակեն Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Պատճառը, ըստ Կարեն Ղազարյանի բարեկամ Ռաշիդ Ասլանյանի, ՀՀ իշխանությունների անտարբերությունն է.
«Ադրբեջանից առաջարկել են փոխանակել գերիներին, բայց Հայաստանի կողմից՝ ոչ մի արձագանք: Մենք դիմել ենք և՛ Կառավարությունը, և՛ Պաշտպանության նախարարությանը, բայց ոչ մեկի կողմից էլ ոչ մի արձագանք չենք ստացել: Շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանում բան չեն անում, բա, լավ, մերոնք ի՞նչ են անում,-Politik.am-ի հետ զրույցում հարց է բարձրացնում Ռաշիդ Ասլանյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ամիսներ շարունակ իշխանությունների և ՊՆ-ի կողմից որևէ խոսք, արձագանք, տեղեկատվություն չի եղել, միայն օրեր առաջ, երբ սկսել են Կարեն Ղազարյանի հարազատները բարձրաձայնել, լրատվամիջոցներով ամիսների դադարից հետո սկսել են կրկին անդրադառնալ Կարեն Ղազարյանին: Ռաշիդ Ասլանյանը հույս ունի, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու դեպքում իշխանությունները ևս կսկսեն ուշադրություն դարձնել իրենց բարձրացրած հարցին և մի լուծում տալ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հրապարակելով Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի լուսանկարը, հայտարարել էր, թե ադրբեջանական բանակը հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել և գերեվարել հայ հետախույզի: Հայաստանի Ոստիկանությունն ու Պաշտպանության նախարարությունը հայտարարեցին, որ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում:
Politik.am



