ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում քննարկվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջարկված «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը։
Զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանն ասաց, որ առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Նախագծի ընդունումը կբացառի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև.
«1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով»:
Բացի այդ, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի՝
«1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը ….»:
«Հաշվի անելով, որ Սահմանադրության 35-րդ հոդվածով և Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով ներկայացված խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, կառավարության առաջարկն է, որպեսզի Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածը թողնել անփոփոխ»,-ասաց Մանուկյանը։
«Ենթադրենք՝ երկու տղամարդ, կամ երկու կին գնում են մեր ԶԱԳՍ և ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՛ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Արսեն Մանուկյանն էլ ասաց, որ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով հարցը կարգավորված է։
politik.am



