ԵՄ կողմից Հայաստանին նման պահանջ չի ներկայացվում․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Գալուզինի հայտարարության մասին

ԵՄ կողմից Հայաստանին նման պահանջ չի ներկայացվում․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Գալուզինի հայտարարության մասին

Օրերս ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա ԵՄ-Երևան մերձեցման ազդեցության հետ, նշել էր, որ ՌԴ-ն տեսնում է, որ այստեղ էլ Եվրամիությունը հավատարիմ է մնում իրեն, քանի որ առանց որևէ խոստում տալու և վիզաների ազատականացման հարցում որևէ լուրջ որոշում ընդունելու՝ Հայաստանից արդեն իսկ պահանջում է քաղաքական լոյալություն և միացում հակառուսական պատժամիջոցներին․

«Եվ այս ամենը տեղի է ունենում այն բանի ֆոնին, երբ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով»,- նշել էր փոխարտգործնախարարը։

Հայտարարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան ասաց հետևյալը․

«ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը նման պահանջ չի ներկայացվում: Խնդրո առարկա թեմայի շուրջ ՀՀ մոտեցման մեջ փոփոխություն չկա»:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը անդրադառնալով եվրաինտեգրման վերաբերյալ օրինագծին, հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ երկրի դեմ։

«Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության։ Վստահաբար տեղյակ եք, որ ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարն աշխատանքային այցով նաև հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են եղել»,- հավելել էր Կոստանյանը։