Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի խոշորացված համայնքի Տափերական գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա քարե սալիկների համար նախատեսված գովազդային ցուցանակին, առաջ ընթացել, բախվել գետնին եղած բետոնե պանելին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասպանատու  Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անուշավան Սաղոյանն ու պարեկ Արտաշես Միկիչյանը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ ՍարիբեկՌուստամյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկաոնւթյան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Նեդրսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գարծերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ամուսիններ են:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: