Եթե լինում է սպառնալիք, լինում է նաև պատասխան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին ՀՀ-ի կողմից արձագանքի վերաբերյալ հարցին:
«Իմ տպավորությամբ՝ կա արձագանք, և այդ արձագանքը գրեթե ամենօրյա է: Այսինքն՝ եթե լինում է սպառնալիք, լինում է նաև դրան պատասխան, և ոչ միայն մեր կողմից, այլև մեր միջազգային գործընկերների կողմից»,- նշեց նա:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք խաղաղության, որովհետև այլ տարբերակ չկա, զարգացման համար այլ տարբերակ չկա: Օրինակ՝ այս տարի մինչև այս պահը, եթե չեմ սխալվում, սահմանային միջադեպ չի արձանագրվել, խոսեք գործարարների հետ, խոսեք այն մարդկանց հետ, որոնք պլանավորում են այս երկրում երեխաներ ունենալ, ընտանիք կազմել, չափազանց կարևոր է, որպեսզի երկրում լինի խաղաղություն, այսինքն՝ առանց դրա չկա կայուն և երկարատև զարգացում, և սա մեր ծրագիրն է: Մեր նպատակը դա է, որ ամեն ինչ անենք, որ հասնենք դրան»,- ասաց պատգամավորը: