Բոլոր մտահոգ քաղաքացիներին վստահեցնում եմ' ձեր եւ ձեր երեխաների իրավունքները մեր ուշադրության կենտրոնում են. Լուսինե Առաքելյան

Բոլոր մտահոգ քաղաքացիներին վստահեցնում եմ' ձեր եւ ձեր երեխաների իրավունքները մեր ուշադրության կենտրոնում են. Լուսինե Առաքելյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը գրում է.

 

Մեր ստանձնած առաքելության ճանապարհին մենք մեր առաջ վաղուց դրել ենք ազնիվ լինելու հարցը' ոչ միայն ինքներս մեզ, այլ նաեւ մեզ վստահած քաղաքացիների հետ։

Մենք բաց ենք լսելու խնդիրների մասին, մենք բաց ենք առողջ քննարկումներ վարելու, մենք բաց ենք խնդիրներին առերեսվելու եւ դրանք միասին լուծելու հարցում։ Եվ այդ լուծումները պետք է լինեն ԱՐԴԱՐ։

Հաշվի առնելով վերջերս բարձրաձայնված հարցի զգայունությունը' իմ պարտքն եմ համարում ներկայացնել 3 ժամից ավել տեւած քննարկման արդյունքները, որ մենք արձանագրեցինք։

Քննարկմանը ներկա էին ոչ միայն ոլորտի մասնագետները եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, այլ նաեւ դպրոցի ղեկավարությունը, ծնողներ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության ներկայացուցիչները, Երեւան քաղաքի ավագանու անդամները։

Քննարկման առարկան Երեւան քաղաքի թիվ 92 մանկապարտեզում մասնագիտական միջամտությունն էր հենաշարժողական խնդիր չունեցող երեխայի նկատմամբ' ամրակապված աթոռին։

Բոլոր մասնագետները միաձայն պնդեցին. հենաշարժողական խնդիր չունեցող երեխաներին ամրակապել ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է։

Եվ ուրեմն.

1. Մանկապարտեզում երեխաներին չեն ծեծում։ Սակայն այն միջամտությունները, որ արվում են, մասնագիտորեն սխալ են եւ իրենց մեջ պարունակում են խնդրահարույց եւ երեխային ճնշող բնույթ։

2. Քանի որ բանավոր պարզաբանում էինք ստացել, որ ունեն բժշկի ցուցում, ինչը հերքվեց, անհրաժեշտություն է ստուգել փաստաթղթաշրջանառությունը եւ տալ նաեւ իրավական գնահատական։

3. Նման իրավիճակները հետագայում բացառելու համար մենք բոլոր այս ու նույնաբովանդակ հարցերին տալու ենք համակարգային լուծումներ։ Միասին։

Խնդրում եմ զերծ մնալ տարատեսակ շահարկումներից, խնդրո առարկային այլ երանգներ եւ այլ դաշտ տանելուց, ինչպես նաեւ արհեստականորեն կեղծ օրակարգ ձեւավորելուց։ Մեր օրակարգում պետք է լինի բացառապես ՀԱՆՐԱՅԻՆ շահը։

Իսկ այս հարցի վերաբերյալ բոլոր մտահոգ քաղաքացիներին վստահեցնում եմ' ձեր եւ ձեր երեխաների իրավունքները մեր ուշադրության կենտրոնում են։ Միշտ։

Հարգանքով

 

Քննարկման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: