1in.am-ը գրում է.
Մինչև երեկ ուշ երեկոյան հազարավոր ֆուտբոլասերներ շունչները պահած սպասում էին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը, որովհետև մեր հավաքականը բացառիկ շանս էր ստացել հաղթանակով իրական դարձնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ Մեր ընտրանու հանդիպումից ժամեր առաջ Բոսնիա-Հերցեգովինայում ջախջախվել էր խմբում երկրորդ տեղը զբաղեցնող Ֆինլանդիայի հավաքականը, ու մերոնք հաղթանակի դեպքում հավասարվում էին վերջինիս՝ ավելի իրական դարձնելով երկրորդ տեղի համար պայքարը։
Հենրիխ Մխիթարյանը ու մի քանի առանցքային խաղացողներ վնասվածքի պատճառով բացակայում էին, սակայն թվում էր՝ դա որևէ առանցքային նշանակություն չպետք է ունենար գոնե Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, որը նախորդ վեց հանդիպումներում ընդամենը մեկ ոչ-ոքի էր կարողացել անել ու դարձել էր մեկ գոլի հեղինակ։ Սխալվեցինք, որովհետև ֆուտբոլային ոչ մի ավանդույթ չունեցող այս հավաքականը երկրորդ գոլն էլ մեր հավաքականի դարպասը խփեց, ընդ որում՝ Հայաստանի ընտրանուց խլելով այնքան կարևոր երկու միավոր։
Հերթական անգամ հազարավոր, տասնյակ հազարավոր մարզասերների սպասումները ի դերև եղան, մի ամբողջ հասարակության ոգևորություն կոտրվեց անատամ խաղի, մեր հավաքականի ցուցադրած հակաֆուտբոլի հետևանքով։
Տեսականորեն ոչինչ չի պատահել, որովհետև նույնիսկ այս պարագայում՝ եթե մերոնք երկու օր հետո հաղթեն Ֆինլանդիայի հավաքականին, կարող են Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել։ Սակայն նման բան կարող է պատահել միայն հեքիաթներում, որովհետև Լիխտենշտեյնի կարգի հավաքականի հետ խաղում երկու միավոր կորցնելուց հետո ուղղակի պարտավոր ենք խոստովանել, որ հավաքական չունենք։ Պարբերաբար գրանցվող հաջողություններն ինստիտուցիոնալ հիմք չունեն, մարզչական աշխատանքի կամ խաղային ձեռագրի հետևանք չեն ու ընդամենն առանձին խաղացողների որակների, բարձր վարպետության արդյունք են։ Օրինակ՝ Բոսնիա-Հերցեգովինայի հետ փայլուն խաղը ստացվեց բացառապես Հենրիխ Մխիթարյանի անձնական վարպետության շնորհիվ։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



