Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում է Արսեն Թորոսյանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով խորհրդի անդամներին' նախարարը բացել է նոր կազմավորված խորհրդի անդրանիկ նիստը և ներկաներին առաջարկել կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը:
Հասարակական խորհրդի անդամները խոսել են օրակարգի ձևավորման, առողջապահության ոլորտում բարեփոխումների, առողջապահական համակարգի հզորացման, ինչպես նաև առկա խնդիրների մասին:
Նիստի օրակարգով քննարկվել է 2 հարց' Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Մյուս հարցը' Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, զեկուցել է առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Աննա Մկրտումյանը:
Առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարության վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք կրկին կքննարկվեն պատասխանատուների կողմից' փաստաթղթում ներառելու նպատակով:
Միաժամանակ, ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, հիվանդությունների կանխարգելմանը, անպտղության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ հարցերին:



