Այս պահի դրությամբ առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր. Արտակ Բեգլարյան

Այս պահի դրությամբ առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր. Արտակ Բեգլարյան

Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Նաեւ երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցը փակ է, որովհետեւ այնտեղ բավականին դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են ներկայացնում: Սակայն արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կազմակերպություններին, որոշում կայացնողներին ուղարկել ենք եւ շարունակում ենք ուղարկել, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ հայ զինծառայողների դիակների, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը ամփոփ թվեր ներկայացրեց. «Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ եւ 115 վիրավոր: Այդ 36 զոհից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ հարձակման հետեւանքով եւ թիրախային դիտավորյալ հարձակման հետեւանքով են այս դեպքերը տեղի ունեցել: Գիտենք, որ ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր եւ ԱԹՍ-ներ, որոնց միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում: Սա նշանակում է, որ սխալի հավանականությանը շատ-շատ ցածր է»,-ասաց նա:

Արցախի օմբուդսմենի ներկայացմամբ 36 զոհերից 8-ը կին է, 28-ը՝ տղամարդ:

Վիրավորների դեպքում նույնպես, ըստ նրա, նրանց կեսը վիրավորվել է իր բնակության վայրում: «115 վիրավորից 95-ը լուրջ վիրավորում է ստացել, 20-ը թեթեւ վիրավորումներ: Այդ 95-ից 18-ը կանայք են, 77-ը՝ տղամարդիկ»,-ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը պատերազմական հանցագործություններ են: