Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ, ՀՅԴ–ական Գևորգ Հաճյանը։
Արմատներով մուսալեռցի, ծնունդով Լիբանանից Գևորգ Հաջյանն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 2005-ին։ Հայաստանում ապրելու տարիներին Հաճյանը տասնյակ մենահամերգներով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի տարբեր քաղաքներում։ 2015թ. Yerkir.am–ին տված հարցազրույցում հայրենադարձ երգիչն ասել է.
«Հայաստանում ապրելով' հայկականությունը կրկնակի կարող է դրևորվել. նախանձելի է այն հայը, ով իր հողի վրա է ապրում: Հողը չես կարող պահել, եթե այն չբնակեցնես, հողի վրա պետք է շունչ լինի, ակոսող լինի»:
Հաճյանն, ով մանուկ հասակից ուսումնասիրել է հոգևոր երգերը, իր հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ մեր ազգային դիմագիծը պահում և հետագա սերունդներին է փոխանցվում հենց ժողովրդական ու հոգևոր երգերի պահպանման միջոցով:
«Եթե դու' որպես ազգ, հզոր ես քո մշակույթով, երգով, կարծես պաշտպանված լինես տաք հագուստով, նույնն էլ հոգևոր երաժշտությունն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է իրեն պաշտպանված զգալ, պետք է իր մշակութային ակունքները ճիշտ ձևով պահպանի և զարգացնի:»,–ասել էր նա։
Հաճյանը համոզված էր՝ մեր ազգային դիմագիծը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մատուցել մատաղ սերնդին։
«Աշխարհի երեսին ամենից շատ նահատակ ունեցող ազգը երևի մենք ենք, իսկ նահատակությունն ինքնանպատակ չէ, այն միայն ու միայն հավերժության համար է, վկան' մեր 1,5 մլն սրբերը և Արցախյան գոյապայքարի հազարավոր նահատակները»,–ասել էր երգիչը, որն իր զինակից ընկերների հետ կյանքը զոհաբերեց Արցախի ու Հայաստանի համար։



