Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում միայն մեկ փաթեթ է:
Այն նախատեսում է նոր կարգավորումներ, որոնք թույլ կտան արտակարգ դրությունը հանելուց հետո անհրաժեշտության դեպքում կարանտին հայտարարել եւ սահմանափակումներ կիրառել:
Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու պայմաններում է սահմանվել կարանտին:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի խոսքերով, արտակարգ դերության ռեժիմի ավարտից հետո կգործեն նախագծերի փաթեթով սահմանվող կանոնները:
Նախագծի համաձայն, կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում:
Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում:
Կարանտինի պայմաններում, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:



