Սեպտեմբերի 15-ից դպրոցում դասերը սկսելու գրաֆիկով աշակերտների միջև շատ անարդար վիճակ է լինելու, և պայմանները հավասար չեն լինելու բոլորի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Հարցն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության' օրերս հրապարակած ուղեցույցում նշված է' դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը։ Եթե աշակերտների թիվը 20–ից ավել է, ապա դասարանները բաժանվում են 2 խմբի։
Նրա խոսքով' այս փոփոխությունն էական ազդեցություն կունենա ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների վրա, և կտուժի կրթության որակը։ Կրթության փորձագետը նշում է' չգիտի, թե նման որոշում կայացնելուց ինչքան խորն են մտածել, սակայն ստացվում է' կրկնակի տարբերություն աշակերտների գրաֆիկի միջև։
«Ձեռք ձեռքի և ուս ուսի տալ չենք կարող». նախարարը համապետական ծնողական ժողով անցկացրեց
Կրթության փորձագետից հետաքրքրվեցինք' ինչո՞ւ են աշակերտները 6 օր դասի հաճախում, եթե որոշներին նույն գիտելիքը խոստանում են փոխանցել 3-օրյա գրաֆիկով դասի հաճախելիս։ Ի պատասխան Մխիթարյանը նշեց, որ ավելի լավ կլիներ' բոլորը վեց օր հաճախեն դասի, ու կրթական պրոցեսը նորմալ կկազմակերպվեր։ Նա վստահ է' 3 օր դասի հաճախող աշակերտը չի ստանալու այն գիտելիքը, ինչ 6 օր դասի հաճախողը։
Իսկ թե ինչ լուծում կարող է լինել այս դեպքում, Մխիթարյանն այդ հարցի պատասխանը նույնպես ունի։ «Ուսուցիչների մեծամասնությունը պատրաստ է ծանրաբեռնվածությունը մեծացնել, միայն թե դասերը կարողանան որակով անցկացնել։ Պետք է երկու հերթ սարքեն, և բոլոր աշակերտներն էլ վեց օր հաճախեն դասի։ Այս դեպքում միայն ուսուցիչների վարձատրությունն ավելացնելու անհրաժեշտություն կա. առանց այն էլ նրանք ծանրաբեռնված են աշխատում»,–ասաց Մխիթարյանը։
Փորձագետի խոսքով' ամեն ոլորտ չէ, որ պետք է տուժի կորոնավիրուսի պատճառով, առավել ևս' կրթության ոլորտը։ Ավելին, 3-օրյա գրաֆիկով դասի հաճախելն անթույլատրելի է համարում, մասնավորապես, որ նախորդ կիսամյակ էլ դասապրոցեսը նորմալ չի կազմակերպվել հեռավար դասերի անցնելու հետևանքով։ Կրթության փորձագետը նշում է' եթե կրթության որակի առումով այս կիսամյակն էլ կորչի, ապա լուրջ բաց կառաջանա աշակերտների մոտ։
Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը
Նշված փոփոխությունը լուրջ մտահոգություն է առաջացրել նաև ծնողների մոտ. Արմինե Ավետյանը, որի տղան սովորում է երևանյան դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, նշում է, որ խնդիրը լուծելու փոխարեն ավելի է խճճվել ամեն ինչ։
«Տղայիս դասարանում 20-ից ավել է աշակերտների թիվը, և նրանց ասել են, որ շաբաթական երեք օր պետք է հաճախեն դասի։ Ավելին, ասել են, որ դասաժամերի քանակը չի էլ ավելանալու։ Այսինքն' դպրոցի ամբողջ հույսը ծնո՞ղն է։ Ինչպե՞ս են պատկերացնում, որ ես պետք է 9-րդ դասարանում սովորող տղայիս համոզեմ նստել և հավելյալ դաս անել այն դեպքում, երբ այդ տարիքում եղածն էլ այդքան հաճույքով չեն անում»,–ասաց Ավետյանը։
Նրա խոսքով' ամեն ինչ հեռավար կրթության նման է լինելու' աշակերտները շատ բան չեն սովորելու, իսկ կիսամյակի վերջում նրանց ներողամտորեն են վերաբերվելու։ Այս դեպքում, իհարկե, հարց է, թե ինչքանով են շահում աշակերտն ու կրթության որակը։ Ավետյանն ասում է, թե ստացվում է' ամեն ինչ թողնում են ծնողի վրա։
Նոր կանոններ ՀՀ դպրոցներում
Հիշեցնենք, որ այս տարի դպրոցներում դասերը կսկսվեն ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ 15-ին։ Նախարարության հրապարակած ուղեցույցով սահմանվում է, որ դպրոցները կաշխատեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Դասերը կարող են անցկացվել դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Բացի այդ, դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը. բուֆետները չեն գործելու։ Գրատախտակի մոտ գնալ նույնպես չի թույլատրվելու։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի։ Ուղեցույցում սահմանված չափորոշիչները մեծ աղմուկ են բարձրացրել. մասնագետներն ու ծնողները քննադատում են դրանք' ասելով, որ նման պայմաններում դասապրոցեսն իրականացնելն անհնար է։
Read more: https://armeniasputnik.am/society/20200829/24273982/vorosh-ashakertner-dproc-khajaxen-3-or.html



