Խոշոր ավտովթար Երևանում

Խոշոր ավտովթար Երևանում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը: Փաստի առթիվ ավագ տեսուչ Ա. Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն փրկարարների կարիք չի եղել: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Իգոր Սվեչենկոն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել լամինատով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: