Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին:
«Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս երեք կենտրոն Երևանում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին 7-10 օրվա ընթացքում»,- հայտնեց Թորոսյանը:
Նախարարի խոսքերով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը հինգ հարյուր է ու նույնիսկ պակաս։ Նախարարը նշեց՝ հավելյալ մահճակալային ֆոնդ չեն պահի, բայց 2700-2800 մահճակալային ֆոնդ միշտ պատրաստ կլինի 2 օրում վերադառնալու նախկին ռեժիմին, եթե լինի անհրաժեշտություն:



