«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117 միլիոն 62.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված 25 միլիոն 90.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ: Այս մասին այսօր կառավարության նիստում նախագիծը ներկայացնելով, ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ 31.2 հեկտարով ավելանալու են 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքները:
Վարչապետն ընդգծեց, որ սա ցույց է տալիս, որ եկամտային մասով ունենք գերակատարումներ, իսկ ծախսային մասով՝ թերակատարումներ: «Մենք ունենք բյուջեից հատկացված գումար, որը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց նախագիծ է ներկայացվում, որ այդ գումարով ավելի շատ տարածք կարելի է մաքրել, և որոշ գումար էլ անցնում է պահուստային ֆոնդ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ ծախսային մասերը թերակատարում են կոռուպցիոն սողանքները փակելու արդյունքում, ինչը խոսում է համակարգի առողջացման մասին: «Ես ռիսկեր չեմ տեսնում, քանի որ այդ ռիսկերը կառավարելի են: «Մեր երկրում, եթե նախկինում խնդիր էր, որ փող չկա, հիմա ավել փող կա և դա ծախսելու նախկին մեխանիզմները կանգնեցվել են, նոր մեխանիզմներն իրենց ամբողջության մեջ կայացած չեն նաև օրենսդրության կարգավորումների պատճառով»,-ասաց նա:
Վարչապետը, անդրադառնալով Սևանա լճի մակարդակի բարձրացման քաղաքականությանը, ասաց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ 50 միլիոն խորանարդ պակաս ջուր ենք բաց թողել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կնկատենք Սևանի ջրի մակարդակի բարձրացում: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի դիտարկմանը, թե հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չկա, նա ասաց. «Ամեն ինչ տանում է դրան, հավելյալ բացթողման անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:



