Ինչ գնով է Իրանը գազ առաջարկել Հայաստանին (տեսանյութ)

Ինչ գնով է Իրանը գազ առաջարկել Հայաստանին (տեսանյութ)

Իրանն ավելի թանկ գնով է գազ առաջարկում Հայաստանին, քան Ռուսաստանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց Էներգտիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ իրանական կառավարության հետ քննարկումներ եղել են գազ գնելու վերաբերյալ, բայց էժան առաջարկ չի եղել: “Կոնկրետ ես չեմ բանակցել, բայց նախորդ նախարարների ժամանակ բանակցություն է եղել, և շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան ռուսականը”,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ Իրանը՝ որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև որպես երկրորդ սնուցում՝ կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը: “Այսինքն՝ մենք այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում, և երբ որ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից համաձայն պայմանավորվածության՝ մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ, քան ռուսական գազն է ,- հավելեց նա:”

Բաղրամյանը նշեց, որ այս պահին ստեղծված է գազի սակագների ուսւոմնասիրության հանձնաժողով, դրա շրջանակներում քննարկվում է և սահմանին գազի գնի նվազեցման հարցը, և ներքին ռեսուրսների հարցը: “Այս պահին քանի որ ընթանում են բանակցություններ գազի ներկրման սակագնի շուրջ, թույլ տվեք կարծիք չհայտնեմ: Բնականաբար, բանակցում ենք, որպեսզի գինը նվազեցնենք, մենք բանակցում ենք նվազեցման ուղղությամբ”,- ասաց նախարարը:

Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ նաև հարցին, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ինչպես կարող են ազդել Հայաստանի վրա: “Ամերիկյան կառավարությունը տեղյակ է, որ մենք իրականացնում ենք գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, այդ պատժամիջոցները նախկինում էլ են եղել: Եվ մենք միշտ հիմնավորել ենք, որ քանի որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ փոխանակումը մեր համար կենսական նշանակություն ունի”,- նշեց նա:

 



lragir.am