Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):
«Գնումների ժամանակ նույնականացման քարտերի օգտագործումը, ինչպես նաև եկամուտների ու ծախսերի ինքնահայտարարագրման մեխանիզմը, որ ցանկանում են ներդնել, ժամանակավրեպ են ու չեն տալու այն արդյունքը, որն ակնկալում է ՊԵԿ-ը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Կարծում եմ՝ նպատակը ստվերային տնտեսության ծավալների կրճատումն է և այդ եղանակով բնակիչներին շահագրգռելը, որպեսզի իրենց գնումների ժամանակ օգտագործեն ID քարտերը, կուտակեն տարեկան ծախսերն, ու դրա 1 տոկոսը կանխիկ կամ գնումների տեսքով պետությունը հետ վերադարձնի: ՊԵԿ-ը փորձում է ընդամենը խթանել, որպեսզի քաղաքացիներն առևտուր կատարելիս ստիպեն առևտրային ցանցերին՝ հայտարարագրել գնումը, հարկեր վճարել:
Ինչ վերաբերում է անձնական տվյալներին, մեր զրուցակիցը նկատեց.
«Անձնական տվյալներն այս պարագայում, կարծում եմ, ավելի մասսայական են դառնալու»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասել է.
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ` ID քարտեր, բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի՝ որպես գնված արժեք»:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
168.am



