Անհարկի միտում եմ տեսնում. Խաչատուր Սուքիասյան (լուսանկար)

Անհարկի միտում եմ տեսնում. Խաչատուր Սուքիասյան (լուսանկար)

Իհարկե արտոնություն ստանալու է, ճիշտ այնպես, ինչպես կառավարության կողմից հազարավոր ընկերություններ արտոնություններ են ստանում՝ ներդրումներ են կատարում, ստեղծում են նոր աշխատատեղեր, հիմնում արտադրություն, ի վերջո ստեղծում են հավելյալ արժեք:

 

Այս մասին Mediaroom.am լրատվականի հետ զրույցում ասաց գործարար, «Սիլ կոնցեռն»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, մեկնաբանելով Factor.am կայքում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի Սուքիասյաններին պատկանող ընկերությանը տրվելու է արտոնություն:

 

«Իհարկե կստանա արտոնություն, կստեղծվի նոր աշխատատեղեր, «Սիլ» ընկերության արտադրած ջրերը կունենան գեղեցիկ ձևավորում, կվճարվի հոսանքի գումար, և աշխատակիցները կվճարեն հարկեր, արտահանման ծավալները կմեծանա: 25 տարի է այդ կազմակերպությունը գործունեություն է ծավալում, և իհարկե այդ կազմակեպությունն էլ է ցանկանում ՀՀ օրենքներին համապատասխան ստանալ այնպիսի արտոնություններ, ինչպիսին ստանում են մյուս բոլոր ընկերությունները: Չէ որ կազմակերպությունը ցանկանում է նոր կերպով ներկայանա հանրությանը, զբոսաշրջիկներին, որը կլինի մրցունակ: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ինչ-որ վերնագիր դնելով շփոթմունքի մեջ գցել հասարակությանը, թե զարգացնել տնտեսությունը: Ես շատ եմ հարգում լրագրողի մասնագիտությունը, կարևորում եմ խոսքի ազատությունը և համարում եմ, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի: Խնդիրը կայանում է նրանում, որ հազարավոր ընկերություններ արտոնություն են ստանում կառավարությունից, սակայն երբ մեկ անգամ արտոնություն է ստանում մեր ընտանիքին պատկանող ընկերությունը, այն թիրախավորված կերպով է ներկայացվում, որի մեջ ես անհարկի միտում եմ տեսնում: Իհարկե այն բաց տեղեկատվություն է, քանի որ դրված է կառավարության էջում, սակայն նման շեշտադրումով դա ներկայացնելը արվում է հատուկ միտումով: Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, թե տարիներ շարունակ ինչպիսի զրկանքներ է կրել մեր ընտանիքը, քանի միլիոն դոլարների ունեցվածք են մեզանից «խլել» ու տվել իրենց յուրայիններին և այն ընկերությունները, որոնք տրվել են իրենց յուրայիններին, քանի անգամ ավելի քիչ է հարկեր վճարել, քան մենք էինք վճարում: Ինչո՞ւ չեն գրում այդ մասին, ինչո՞ւ չեն բարձրաձայնում: Իսկ նախորդ տարիներին տեղի ունեցածից հետո, երբ  այժմ Հայաստանում տիրում է օրենքի իշխանություն, մենք էլ փորձում ենք բիզնես զարգացնել, հիմա ի՞նչ եք ուզում»,-ասաց Սուքիասյանը, հավելելով, որ դատողությունները թողնում է հասարակությանը:

 

Նկատենք, որ վերջին 20 տարիներին բոլոր հնարավոր միջոցներով ցուցադրվում և գովազդվում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին պատկանող Ջերմուկ հանքային ջուրը: Ավելացնենք, որ նույն ընկերության արտադրանքը նաև այս օրերին է դրվում նախագահականում, կառավարությունում, ԱԺ-ում և պետական բոլոր հիմնարկներում: Կառավարական բոլոր հանդիպումների ժամանակ ցուցադրվում է միայն ջերմուկ: Հարց է առաջանում, իսկ մյուս ընկերությունները հարկ չե՞ն վճարում, աշխատատեղեր չե՞ն ապահովում, արտադրություն չե՞ն ապահովում: Ինչպես է պատահում, որ միայն մեկ ընկերություն է շահում մրցույթն ու ամբողջ պետական համակարգին ապահովում ջրով: 

 

Ներկայացնենք նաև ՍԻԼ ընկերության ջրերի շշերի նոր դիզայնը: