Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին ավագանու այսօրվա նիստում անվանակոչվեց Դիանա Աբգարի անունով։
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 45, ձեռնպահ 2 անդամ։
Հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ է։ Նա եղել է Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոսը՝ աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կինը։
Դիանա Աբգարի մասին օրեր առաջ անդրադարձել էր «Արմենպրես» լրատվականը՝ ներկայացնելով հայկական «Դետք» խմբի նոր տեսահոլովակը՝ նվիրված հայ առաջին կին հյուպատոսին:
Ստորև ներկայացնում ենք թե տեսահոլովակը, թե «Արմենպրես» գործակալության պատրաստած հոդվածը:
«Դիանայի մասին երգ գրելու գաղափարը տվել է քույրս՝ Արմինեն: Ստեղծագործությունը վաղուց էր ծնվել, բայց հոլովակը նկարահանեցինք այս տարի, քանի որ խմբի տղաները բանակում էին»,- մեզ հետ զրույցում նշեց «Դետք»-ի պրոդյուսեր Արման Ամպը:
Նա ասաց, որ մեր օրերում հաճախ են խոսում հասարակության մեջ կանանց դերի, նրանց իրավունքների մասին: «Դեռ հարյուր տարի առաջ Ճապոնիայում ապրել է Դիանան, որը ճանաչված հրապարակախոս էր, մարդու իրավունքների պաշտպան: Նրա շնորհիվ Ճապոնիան ճանաչեց Հայաստանի անկախությունը»,-ընդգծեց Արմանը:
Ճապոնական հարուստ մշակութային ժառանգությունը պատկերող տեսահոլովակում Դիանա Աբգարին մարմնավորել է երգի գաղափարի հեղինակը՝ Արմինեն: «Արմինե Մելքոնյանը դերասանուհի չէ, բայց Դիանա Աբգարի կերպարին շատ մոտ է. նա Հայաստանի ֆինանսական համակարգի եզակի կին տնօրեններից է, «Դետք»-ի լավ բարեկամը ու նաև քույրս: Արմինեն շատ է կարևորում, որ հայ աղջիկները սոցիալապես ամուր դիրքերում լինեն»,-պատմեց պրոդյուերը:
Հոլովակի նկարահանումներին աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:
Դիանա Աբգարը 19-րդ դարում գրել է գրքեր ու հոդվածներ' ցեղասպանության վերահաս վտանգի մասին զգուշացնելով խաղաղությամբ շահագրգիռ կազմակերպություններին, գիտնականներին, միսիոներներին և քաղաքական գործիչներին: Երբ ոչ ոք չանսաց Դիանայի կանչին, և կոտորվեց 1.5 միլիոն մարդ, փրկվածները փախուստի դիմեցին բոլոր ուղղություններով: Դիանան ստանձնեց դիվանագետի ու մարդասերի նոր դերը՝ դառնալով կորուսյալ Հայաստան պետության փաստացի դեսպանը: Նա փախստականներին ապաստան տրամադրելու համար բանակցում էր Ճապոնիայի կառավարության հետ, սեփական միջոցներով տներ վարձում նրանց պատսպարելու համար, երեխաներին տեղավորում էր դպրոցներում, օգնում մուտքի արտոնագրերի ու փաստաթղթերի հարցում, ապահովում էր նավարկումը և ուղևորության եզրափակիչ փուլն իրականացնելու համար գտնում փախստականների՝ Ամերիկայում գտնվող ազգականներին: Գրող, գործարար կին, ակտիվիստ, մարդասեր և դիվանագետ Դիանա Աբգարը մեն-մենակ Ցեղասպանության հարյուրավոր վերապրողների փրկեց: Թե՛ նա, թե՛ փախստականները նույն տեսլականն ունեին, ինչքան էլ դա անիրական լիներ. ջանադիր աշխատանքով, համառությամբ և մարդկային փոքր-ինչ կարեկցանքով հաջողության հասնել:



