Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում «Շեն» խանութների ցանցի դիմաց բախվել են «Mercedes», «Opel Astra», «Nissan Altima», «Honda», «Nissan Teana», «Nissan Serena», «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Ազիզյանն ու Վարդգես Մովսիսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկույթունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ և նրան մինչ փրկարարների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։