Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։
Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից դանակահարության հետևանքով «Գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության 63 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնել սկզբնաղբյուրը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Դանիել Հ․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է, և 54-ամյա Գեորգի Հ․-ն, որի առողջական վիճակը բավարար է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 140 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 22-ամյա Մուշեղ Հ․-ի, եղբոր 20-ամյա Խորեն Հ․-ի, հայրիկի, Երևանի բնակիչ 45-ամյա Մանուկ Հ․-ի, նրանց ազգականի և վիրավորների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ամբողջական տվյալները ճշտելու, ինչպես նաև հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։