Հունվարի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Toyota Land Cruiser»-ի վարորդը Երևանի բնակիչ 53-ամյա Ռոբերտ Մուկուչյանն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է և աշխատում է նոտար, իսկ «Nissan Rogue»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Կորյուն Մկրտչյանը։