Խոշոր ավտովթար.կա 6 վիրավոր

Խոշոր ավտովթար.կա 6 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Կարեն Զաքարյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Հարություն Ամիրջանովի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանիի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:

 

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։