Ոստիկանների փայլուն օպերացիան Երևանում․կան բերման ենթարկվածներ և առգրավված զենքեր

Ոստիկանների փայլուն օպերացիան Երևանում․կան բերման ենթարկվածներ և առգրավված զենքեր

shamshyan.com-ը գրում է․

Երեկ ՝ դեկտեմբերի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի զենք ձեռք բերելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Ռ. Փ.-ին: Վերջինիս մոտ հայտնաբերվել է «Վոլֆեր Վաֆեն Փաբրիկ Ուլմիդո» ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 5 հատ փամփուշտ: Բերման է ենթարկվել նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջաի բնակիչ, 36-ամյա Է. Ա.-ն, ում մոտ հայտնաբերվել է «Բակաս-15մ» գրառմամբ որսորդական 1 փողանի ողորկափող հրացան: Իսկ մյուս բերման ենթարկված, Երևանի բնակիչ, 30-ամյա Հ. Մ.-ի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները Բուռնազյան փողոցի թիվ 73 տան մոտ՝ նշված անձանց բերման ենթարկելու վայրից, հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ գետնին դրված խլացուցիչով 1 ինքնաձիգ:

 

 

Ժամանած ոստիկանության փորձաքրեագետը ինքնաձիգի փամփշտատուփում հայտնաբերել է 25 հատ «Մակարով» տեսակի փամփուշտ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նշանակվել են փորձաքննություններ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: