Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է: Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա: Գյուղացիները կարողացել են մեկին փրկել իսկ մյուսը՝ ցավոք, մահացել է:
Մահացածին փոսից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: