Ողբերգական ելքով վրաերթ Երևանում

Ողբերգական ելքով վրաերթ Երևանում

shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամաասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի:

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն  ժամանել է շտապօգնության բժիշկների  011 հերթապահ  խումբը և բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

 

Օպերատիվորեն  ժամանել է  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային  ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:  

 

Վարորդը տեղում ենթարկվել  է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:  Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստսնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոբուսը,  որը սպասարկում է Երևան-Աբովյան թիվ 259 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: