Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

Shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գրիգոր Հ-ին 27-ամյա Արթուր Ս-ին։

 

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ժամը 20։00-ի սահմաններում Վրացական փողոցի 4-րդ շենքի բակում Արթուր Ս-ն և դեռևս 3 անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Ա-ին, ինչի հետևանքով նրան պատճառվել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Վազգեն Ա-ին ծեծողների մեջ են եղել Վրացական փողոցի բնակիչ՝ 23-ամյա Վարդան Ա-ն և Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Հ-ն։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես անհայտ անձի ինքնությունը պարզելու, այնպես էլ նրան ու Վարդան Ա-ին և Գոռ Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝բերման ենթարկվածներից Գրիգոր Հ-ն ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

 

Իսկ վիճաբանության պատճառը եղել է այն, որ Վազգեն Ա-ն, ով մասնագիտությամբ կահույքագործ է, մոտեցել է նշված հասցե և պարզապես նրանց խնդրել է հայտնել ինչ-որ հասցեի վայր։ Վերջիններս էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, եղել են ոչ սթափ վիճակում, պատասխանել են, թե «դու ո՞վ ես, որ մեզանից հասցե իմանաս» և, Վազգեն Ս-ն էլ քաղաքավարությունից ելնելով՝ հայտնել է, որ «կներեք», իսկ «տաքգուխներն» էլ, թե «կներեքով հարց չի լուծվի» ու հարձակվել, ծեծի են ենթարկել Վազգեն Ս-ին, և եթե Արաբկիրի ոստիկանները օպերատիվորեն չհասնեին դեպքի վայր, հնարավոր է՝ կոկոնները տաքցրած երիտասարդները ավելի դաժան վերաբերվեին: