Մանկահասակ երեխայի սպանության գործով մայրն ու խորթ հայրը կալանավորվել են, իսկ տատը՝ ազատ արձակվել.նոր մամրամասներ ողբերգական դեպքից

Մանկահասակ երեխայի սպանության գործով մայրն ու խորթ հայրը կալանավորվել են, իսկ տատը՝ ազատ արձակվել.նոր մամրամասներ ողբերգական դեպքից

2 տարեկան երեխայի սպանության գործով փոքրիկի մոր և խորթ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ խորթ տատի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խորթ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, երեխայի մորը և խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

 

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ երեխա, որի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի շրջանում. դատաբժշկի եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ տրավման:

 

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարմնական վնասվածքները պատճառվել են երեխայի ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից:

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երեխայի մահվան մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ ըստ ՔԿ-ի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայները, կնոջ և մոր հետ, երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ, հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ հակակրանք դրսևորելով, նաև հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը և տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով:

 

2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է:

 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ:

ՀԺ-ի հետ զրույցում երեխայի խորթ տատիկի պաշտպան Վիրաբ Դավթյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: