Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձը որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է, ով Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանն էր: Մալաթիայի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին ու մինչ Մասիսի ոստիկանները՝ ոստիկանության Արարատի մարզի վարչության ծառայողների հետ «ծանրութեթև կանեին», թե որտեղ է տեղի ունեցել դեպքը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ս. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել է համագյուղացի, 34-ամյա Արսեն Համբարձումյանը՝ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցի 35 հասցեի դիմաց՝ որսորդական ողորկափող հրազենով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: