SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստեղծված օպերատիվ-քննչական խմբերը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեկտեմբերի 7-ին Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փորձի բացահայտման ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկաններն ու քննիչները Երևանի վարչական շրջաններից մեկի բնակչուհու մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, որը քննիչի կողմից առգրավվել է:
Այն ներկայացնողը իրավապահներին հայտնել է, որ ավտոմատը հայտնաբերել է շքամուտքում: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ կրակոցները արձակված լինեն նշված զենքից: Քննիչի որոշմամբ այն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել:
Դեպքը տեղի էր ունեցել Շոպրոնի փողոցում և նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ: Հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա էինն արնանման հետքեր: Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր էին հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



