Հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։ © shamshyan.com